Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկուշաբթի օրը հրաժարվեց մեկնաբանել ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի կայքից ենթադրաբար բեռնված փաստաթղթերում Հայաստանին առնչվող գաղտնազերծումները:

«Ես ձեռնպահ եմ մնում այլ երկրի ներքին գաղտնի փաստաթղթերի վերաբերյալ մենկաբանություններից», - մասնավորապես ասաց Արզումանյանը:

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց, թե Հայաստանի Հանրապետության հարաբերությունները ինչպես հարեւանների, այնպես էլ Միացյալ Նահագների եւ Ռուսաստանի հետ «շատ թափանցիկ են»:

«Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ջատագով է եւ պարզ, թափանցիկ հարաբերություններ ունի ինչպես Ռուսաստանի, Իրանի, Եվրամիության, այնպես էլ Միացյալ Նահանգների հետ», - նշեց նա:

Ըստ հրապարակված փաստաթղթերի, 2008-ի դեկտեմբերին Միացյալ Նահագների բարձրաստիճան պաշտոնյաները նամակում անգամ սպառնացել են Հայաստանի Հանրապետության նախագահին պատժամիջոցներ կիրառել, եթե Հայաստանի կառավարությունը չկասեցնի իր տարածքով զենքի փոխադրումը Իրան:

Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի կարծիքով, այն, որ Միացյալ Նահանգները Հայաստանի նկատմամբ փաստորեն պատժամիջոցներ չեն կիրառվել, վկայում է, որ «նման բան էլ, հավանաբար, չի եղել»:

«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կարծիքով, Միացյալ Նահանգների դիվանագիտական գործունեության վերաբերյալ գաղտնի փաստաթղթերի հրապարակումը վերաբերում է այս տարածաշրջանի բոլոր երկրներին, ուստի տեղեկությունների արտահոսքը «էապես ազդելու է ուժերի հարաբերության եւ այդ հարաբերությունների որակի վրա»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կարող է արդյոք տեղեկատվության արտահոսքը այլ երկրների նկատմամբ ճնշումներ գործադրելու հիմք դառնալ, Սաֆարյանը արձագանքեց. - «Կարծում եմ, այո: Որովհետեւ հրապարակված արտահոսքը հակառակ երկրում բերելու է միանգամայն այլ որոշումների կայացման»:

Կիրո Մանոյանի խոսքով, հետաքրքիր ձեւակերպումներ կան նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ գաղտնազերծված դիվանագիտական փաստաթղթերում: Նրա փոխանցմամբ, մասնավորապես, 2010-ին Թուրքիայում Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի արտաքին գերատեսչությունների պաշտոնյաների միջեւ հանդիպման ընթացքում թուրք պաշտոնյան նշում է, թե իրենց կբավարարի «այն, ինչ կբավարարի Ադրբեջանին»:

«Եթե, օրինակ, կողմերը ճանապարհային քարտեզի շուրջ համաձայնվեն, դա արդեն բավարար կհամարենք, որպեսզի վավերացնենք արձանագրությունները: Սա շատ հետաքրքրական է` հաշվի առնելով առաջիկա մի քանի օրերին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ-ի գագաթնաժողովը», - հավելեց Մանոյանը:

Նա, մասնավորապես, նկատի ունի հատկապես ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, որ Աստանայում հնարավոր է «ճանապարհային քարտեզի շուրջ համաձայնություն ձեռք բերվի»:

«Եթե նման բան պատահի, դա շատ պարզ կդառնա այս փաստաթղթերի լույսի տակ, որ իրականում դա պարզապես Հայաստանի վրա ճնշումի արդյունք է», - հավելեց Մանոյանը:

Կիրակի օրը Wikileaks ինտերնետային կայքի կողմից ԱՄՆ-ի դիվանագիտական գործունեությանը վերաբերող 250 հազար գաղտնի փաստաթղթեր են հրապարակվել:

Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ նման բացահայտումները վտանգում են դիվանագետների եւ հետախուզության մասնագետների աշխատանքը:

XS
SM
MD
LG