Մատչելիության հղումներ

Երկուշաբթի օրը այցով Երեւանում գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղար Նիկոլայ Բորդյուժային ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հանդիպմանն անդրադարձ է եղել սույն թվի դեկտեմբերին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի նախապատրատական աշխատանքներին, ինչպես նաեւ խորհրդի` նախկինում ընդունած որոշումների կատարման ընթացքին», - փոխանցում է նախագահի մամլո գրասենյանը:

Այսօր ավելի վաղ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին իրենց նստավայրերում ընդունել են Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նիկոլայ Բորդյուժայի այցը Հայաստանը տեղի է ունենում Աստանայում կայանալիք ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի նախաշեմին, որի ընթացում, ինչպես հայտնի է, քննարկվելու է նաեւ ղարաբաղյան հակամարտության հարցը:

Բորդյուժայի այցը համընկնում է վերջին շրջանում ղարաբաղյան հակամարտության գոտում սաստկացած` առավելապես ադրբեջանական կողմից հնչող ռազմական հռետորաբանության շրջանառմանը:

Հիշեցնենք, նախկինում տված հարցազրույցներից մեկում Բորդյուժան հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում ստեղծվող արագ արձագանքման ուժերը ներքին հակամարտություններում չեն օգտագործվելու:

«Չի ենթադրվում կոլեկտիվ ուժերի օգտագործում միջպետական երկկողմ քաղաքական խնդիրների լուծման համար, կամ էլ ԱՊՀ-ի մեր գործընկերների, ինչպես նաեւ հարեւան պետությունների նկատմամբ: Այդ ուժերը պետք է կիրառվեն, նախ եւ առաջ, ՀԱՊԿ-ում ընդգրկված պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պաշտպանության եւ անվտանգության ապահովման համար», - մասնավորապես, ասել էր ՀԱՊԿ-ի քարտուղարը:

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը միանգամայն հնարավոր է համարում, որ Բորդյուժայի այցը, բացի պաշտոնապես հայտարարված նպատակից, նաեւ որոշակի առնչություն ունի երկու օրից Ղազախստանի մայրաքաղաքում մեկնարկող ԵԱՀԿ-ի գագաթնաժողովին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մինասյանը հիշեցրեց, որ ՀԱՊԿ-ի կովկասյան դերակատարության մասին, թեեւ ոչ ուղղակիորեն, Բորդյուժան քանիցս հայտարարություններ է արել. - «Ղարաբաղի դեպքում… ձեւակերպումը այն է, որ եթե Հայաստանը արտաքին ինչ-որ ագրեսիայի կենթարկվի, ապա ՀԱՊԿ-ը իր աջակցությունը կկատարի»:

Այլ հարց է, Մինասյանի խոսքով, որ ՀԱՊԿ-ում դեռեւս ճշգրտված չեն նման դեպքերում «կազմակերպության միջամտության ձեւաչափերը». - «Կարծում եմ, որ դա ավելի շատ կարող է լինել որպես պրեվենտիվ մի մեսիջ Ադրբերջանին»:

ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, եւ Ուզբեկստանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG