Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը վստահ է` ընդդիմադիրների ազատ արձակման հարցը «շատ արագ» լուծվելու է


Լեւոն Տեր-Պետրոսյանը իր աջակիցների հետ հանդիպմանը, արխիվային լուսանկար

Լեւոն Տեր-Պետրոսյանը իր աջակիցների հետ հանդիպմանը, արխիվային լուսանկար

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը վստահ է, որ անազատության մեջ գտնվող ընդդիմադիրների ազատ արձակման հարցը «շատ արագ» լուծվելու է:

«Այդ հարցը լուծվելու է, ես չեմ կասկածում, շատ արագ: Տարբեր ձեւեր են կիրառելու իրենց դեմքը փրկելու համար, տարբեր ձեւեր` մեկ երրորդ, կես, չգիտեմ` մեկին հիվանդության պատճառով կարող են ազատել, ներում շնորհել` առանց դիմում գրելու` մերոնցից ոչ ոք դիմում չի գրի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Տեր-Պետրոսյանը:

Նա իր գլխավորած Հայ ազգային կոնգրեսին անդամակցող գրեթե բոլոր ուժերի ղեկավարների հետ շաբաթ օրը այցելել էր Շիրակի մարզի Ձորակապ գյուղ եւ հյուրընկալվել օրեր առաջ քրեակատարողական հիմնարկից վաղաժամկետ ազատ արձակված Մուշեղ Սաղաթելյանի հայրական տանը:

Այս պահին 11 ընդդիմադիր է անազատության մեջ, այդ թվում Շիրակի մարզից` ազատամարտիկ Հարություն Ուռուտյանը, ով Ձորակապին հարակից Մարալիկից է:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, ով եւս Ձորակապում էր, համոզմունք հայտնեց, որ ներքին քաղաքական պահանջի, նաեւ դրսի ճնշմամբ բոլոր ընդդիմադիրները մինչեւ հունվար ազատ կարձակվեն:

«Ակնհայտ է, որ մինչեւ եկող տարի հունվարի կեսերը [Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով զեկուցող Ջոն] Պրեսկոտի Հայաստան գալը մնացած բոլոր քաղբանտարկյալներին էլ բաց են թողնելու, եւ դա միանշանակ նաեւ միջազգային ճնշման արդյունք է», - հայտարարեց Սարգսյանը` հավելելով. - «Ինչու նաեւ` որովհետեւ այստեղ միջազգային ճնշումը չէր լինի, եթե 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո այս երկու տարին անընդհատ, անընդմեջ այդ բազմամարդ հանրահավաքները, պիկետները, արտաքին քաղաքական աշխատանքները չլինեին, իհարկե, եվրոպացիներն էլ այդ տեսակետները չէին պահի: Բայց ակնհայտ է, որ կոնկրետ Մուշեղ Սաղաթելյանի դեպքում, Աշոտի [Մանուկյան] դեպքում եւ մնացած տղաների դեպքում աշխատում են հիմնականում արտաքին քաղաքական ճնշումները»:

Մուշեղ Սաղաթելյանը անազատության մեջ էր 2 տարի 9 ամիս: Նա 2008 թվականի իրադարձությունների հետեւանքով 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել սառը զենք կրելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն կիրառելու մեղադրանքներով:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սաղաթելյանը նշեց, որ դեռ սեպտեմբերին էր պատժի կրումից վաղաժամկետ ազատ արձակվելու, սակայն «երկու ամսով հետաձգեցին` նոյեմբերի 3-ին ներկայացրեցին». - «Զուտ նրա համար, որ իրենք գիտեին` ես պահանջելու էի օրենքով, որ «տվե'ք ինձ մերժման որոշումը` ես դատարանում ձեզ դատի տամ»: Ես չունեի տույժ, պետք է ներկայացնեի, տակը պատճառաբանեի` «ինչո՞ւ ինձ չեն ցանկանում ազատել, ինչո՞ւ եք ինձ մերժում, պատասխան տվեք»` չեն տալիս»:

«Իհարկե, անօրեն երկրում ենք ապրում, իրենք կարող էին արհամարհել-անցնել, [բայց] ճնշումները` քաղաքական ճնշումները, միջազգային ճնշումները. նրանք էլ են ասում, որ «մենք գիտենք իրականությունը, ինչո՞ւ ես ապօրինի նորմալ մարդուն պահում», - ասաց Մուշեղ Սաղաթելյանը:

«Ես զինվոր եմ` քաղաքական գործիչ չեմ, ես պայքարում եմ` իմ երկրում ազատություն եւ արդարություն լինի», - եզրափակեց նա:
XS
SM
MD
LG