Մատչելիության հղումներ

logo-print

Նոյեմբերի 27-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Այս օրերին քաղաքականությամբ շատից-քչից հետաքրքրվող հայաստանցիներին հիմնականում մի հարց է հետաքրքրում` տեսնես ի՞նչ է տեղի ունենալու Աստանայում: Խնդիրն այն է, որ մեր հասարակության արձագանքը իրադարձությունների հնարավոր զարգացումներին, մեղմ ասած, ադեկվատ չէ: Օրինակ, մամուլում տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ Սփյուռքում արդեն իսկ ապագա պատերազմին մասնակցելու համար հայ կամավորների ցուցակներ են կազմվում, եւ պատերազմի վերսկսման դեպքում 200 հազար սփյուռքահայեր ինքնաթիռներով գալու են Հայաստան եւ մասնակցեն պատերազմին: 200 հազար սփյուռքահայերի վիրտուալ հերոսամարտը դեռ մի կողմ թողնենք: Այդ դեպքում ամեն ինչ ճիշտ է եւ հասկանալի. Ադրբեջանցիներն իրենց նավթով եմ պարծենում, մենք էլ պիտի մեր Սփյուռքով պարծենանք: Բոլորս էլ, իհարկե, գիտենք, որ արցախյան նախորդ պատերազմին մասնակցել է առավելագույնը 40 սփյուռքահայ, ու հասկանում ենք նաեւ, որ եթե նույնիսկ պատերազմի օրերին «Զվարթնոցում» օրական 5 «Բոինգ» իջնի, միեւնույն է` 200 հազար կամավորներին Հայաստան բերելու համար կպահանջվի 5-6 ամիս, բայց դա էական չէ: Կարեւորը մարտական ոգին բարձր պահելն է»:

«Ժառանգություն» կուսակցությունից պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը «168 ժամ»-ին ասել է. - «Ռուսաստանի Դաշնությունը 2008 թվականից անթաքույց փորձեր է անում ավելի շատ ընդգծելու իր լիդերությունը [Ղարաբաղյան] հակամարտության կարգավորման գործում: Եվ պատահական չեն ՌԴ նախագահի կողմից կազմակերպած այս եռակողմ հանդիպումները, որին Արեւմուտքը բավականին խանդով է վերաբերվում: Եվ այս հարցում ՌԴ-ն Ադրբեջանի աջակցությունը կարող է ունենալ այն պարզ պատճառով, որ այդ երկիրը շանտաժ է անում Մինսկի խմբին` դժգոհելով նրա անարդյունավետությունից: Իսկ ՌԴ-ն Մայնդորֆից սկսած մինչեւ Աստրախանյան հանդիպում փորձ է անում իր առաջատարությունն ընդգծել, ինչը կարող է նաեւ զուգահեռ ֆորմատ դառնալ: Կհիշեք, երբ Մայնդորֆյան հռչակագիրն էր ստորագրվում, Մինսկի համանախագահները հապճեպ թռան այնտեղ: Ճիշտ է, նրանք չմասնակցեցին հանդիպմանը եւ միջանցքում սպասեցին: Այդ կռիվը, որքան էլ որ թաքնված է, դրա մասին քիչ են խոսում, բայց մրցակցությունը կա: Պատահական չէ, որ անընդհատ ամենատարբեր մակարդակներով հայտարարություն է արվում, որ ֆորմատը չպետք է փոխվի: Սա նշանակում է, որ ֆորմատը փոխելու ցանկություն ունեցողը կա»:

Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանին «Հայոց աշխարհ»-ի թղթակիցը հարցնում է. - «Անձինք, ովքեր մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ կատարած իրավախախտումների համար ազատազրկվել էին, մեկը մյուսի հետեւից վաղաժամ պայմանական ազատ են արձակվում: Սա իրավական որոշակի ընթացակարգերի արդյո՞ւնք է, թե՞, ինչպես հաճախ մեկնաբանվում է, արտաքին ճնշումների հետեւանք»: Պատասխան. - «Ես ողջունում եմ, որ ազատազրկվածների մի մասի նկատմամբ կիրառվում են ավելի մեղմ իրավական ընթացակարգեր, նրանք վաղաժամ պայմանական ազատվում են: Բայց ցավալի է, որ դեռ կան մարդիկ, ովքեր շահարկում են հասարակական համերաշխությունն ու հանդուրժողականությունն ամրապնդող իշխանությունների քայլերը: Սրանք համառորեն կրկնում են, թե մենք կստիպենք Եվրախորհրդին, ԵԽ-ն էլ կստիպի իշխանություններին, ու մարտիմեկյան իրադարձությունների մասնակիցներին ստիպված բաց կթողնեն: Իշխանությունը երբ ցանկանում էր կամք դրսեւորել, լուծումներ առաջարկել կամ միջամտել, որ առաջացած խնդիրը առավել արագ ու մեղմ կարգավորվի, անմիջապես հնչում էին նման անհիմն հայտարարություններ, եւ լուծումները հետաձգվում էին: Արդյունքում տուժում էին ազատազրկվածները, իսկ նրանց թիկունքում ընտանիքներ են, ճակատագրեր»:

Ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը «Ժամանակ»-ին ասում է. - «Ցավոք սրտի, Հայաստանում իշխանությունները եկան կրիմինալի օգնությամբ եւ հետո դարձան նրանց պատանդը: Այսինքն` կրիմինալը, մականունավորները ներխուժեցին իշխանական տարբեր օղակներ: Եվ դա, ցավոք սրտի, իշխանությունը պահելու ավելի հեշտ տարբերակ էր: Երբ ասում են` ուժեղ իշխանություն, ինձ համար անընդունելի է: Ուժեղ ո՞ւմ նկատմամբ, սեփական անզեն ժողովրդի՞, սոցիալական, բարոյական դեգրադացիայի հասցված ժողովրդի՞ նկատմամբ: Ուժեղ պետք է պետությունը լինի: Եվ երբ Հայաստանում խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ես դա անհեթեթություն եմ համարում, որովհետեւ չի կարող հինգ հազար դրամ կաշառքով իշխանության եկածը հետո ինքը պայքարի կոռուպցիայի դեմ: Այսօր չկա այն օղակը, որ պայքարում է կոռուպցիայի, կրիմինալի դեմ: Ընդամենը մի 6-րդ գլխավոր վարչությունով հնարավոր չէ այդ խնդիրը լուծել: Հազար ու մի կարգի որոշումներ պետք է լինեն այդ ամենի դեմ պայքարելու համար: Սակայն չի արվում, որովհետեւ մարդկանց գնահատելու չափանիշը ոչ թե նրանց մասնագիտական ընդունակություններն են, ոչ թե նրանց բարոյական հատկանիշները, ոչ թե նրանց պետական մտածողությունը ու պետությանը նվիրվածությունը, այլ` թե ինչ ես արել դու ընտրությունները կեղծելու համար»:

«Կապիտալ»-ը գրում է. - «2011-ից Ռուսաստանը 10 տոկոսով բարձրացնում է օղու իրացման մանրածախ նվազագույն գինը եւ 11 տոկոսով արտադրողների իրացման գինը։ Ինչպես տեղեկացնում է Lenta.ru կայքը, 2010 թվականի օգոստոսին հաղորդվում էր, որ օղու նվազագույն գները կարող են բարձրանալ մինչեւ 110-117 ռուբլի: Ռուսաստանում օղու նվազագույն գնի մասին որոշումն ուժի մեջ է մտել 2010 թվականի հունվարին: Նվազագույն գներ սահմանելու մասին որոշումը բացատրվում է մաքսանենգության դեմ պայքարով, քանի որ 2009 թվականի դրությամբ Ռուսաստանում ալկոհոլային խմիչքների կեսն անօրինական է եղել: Ռուսաստանի ալկոհոլային շուկայի կարգավորման դաշնային ծառայությունում «Կապիտալ»-ին տեղեկացրին, որ արտադրողների կողմից իրացվող օղու նվազագույն գնի սահմանումը չի տարածվում արտահանվող արտադրանքի վրա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG