Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահներից երկուսը Երեւանից մեկնեցին Բաքու


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ (ձախից` աջ) Իգոր Պոպով եւ Ռոբերտ Բրադկե

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ (ձախից` աջ) Իգոր Պոպով եւ Ռոբերտ Բրադկե

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը եւ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն Երեւանից մեկնել են Բաքու:

Ուրբաթ օրը Ադրբեջանից Հայաստան ժամանած համանախագահների Բաքու վերադառնալու նպատակը, ինչպես հաղորդել է ադրբեջանական «ԱզերԹԱջ» պետական լրատվական գործակալությունը, պաշտոնական Բաքվին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Երեւանում անցկացված բանակցությունների մասին տեղեկացնելն է:

Ադրբեջանական ANS հեռուստաընկերության փոխանցմամբ` Բաքվի օդանավակայանում Իգոր Պոպովը լրագրողներին ասել է, որ Հայաստանում իրենց հանդիպումները անցել են «գործնական ռիթմով»:

«Մենք քննարկեցինք Աստանայի գագաթնաժողովին նախապատրաստման հարցեր: Այստեղ նախատեսված է գործնական հանդիպում: Այստեղից մենք մեկնելու ենք Աստանա», - նշել է ռուսաստանցի համանախագահը:

Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն Երեւանից մեկնել է Փարիզ: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների վերաբերյալ Ֆրանսիայի ղեկավարությանը տեղեկացնելուց հետո նա մյուս երկու համանախագահների հետ նոյեմբերի 29-ին կմեկնի Աստանա:

Դեկտեմբերի 1-2-ը Ղազախստանի մայրաքաղաքում անցկացվելու է ԵԱՀԿ-ի գագաթնաժողովը, որի շրջանակում ակնկալվում է նաեւ հանդիպում Լեռնային Ղարաբաղի հարցով:

Բաքվում մեկնաբանելով Աստանայի գագաթնաժողովին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցության հարցը` Պոպովը հայտարարել է. - «Հարցը, թե ինչ ձեւաչափով կանցնի հանդիպումը, քննարկումների թեմա է հանդիսանում: Ենթադրում եմ, որ արդյունքները հայտնի կդառնան հանդիպման նախաշեմին»:

Ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն շաբաթ օրը ավելի ուշ Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների աշխատանքայի պահեր` ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթնաժողովի նախաշեմին, եւ ամերիկացի դիվանագետը Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին տեղեկացրել է Երեւանում անցկացված բանակցությունների բովանդակության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG