Մատչելիության հղումներ

Գորան Լենմարկերի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության պարագայում պատերազմը իրատեսական տարբերակ չէ


ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվավոր նախագահ Գորան Լենմարկեր
ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվավոր նախագահ Գորան Լենմարկեր

ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվավոր նախագահ Գորան Լենմարկերը ուրբաթ օրը Երեւանում կայացած համաժողովում հայտարարեց, որ ճիշտ ժամանակն է, որպեսզի ղարաբաղյան հակամարտության երկու կողմերը ընդհանուր հայտարարի գան եւ հակամարտությանը լուծում գտնեն:

«Կարծում եմ` կողմերը պետք է ոչ թե տեխնիկական խնդիրների վրա կենտրոնանան, այլ քաղաքական կամք դրսեւորեն՝ փոխզիջումների գնալու եւ լուծում գտնելու համար, որովհետեւ հակամարտության խաղաղ կարգավորումը փոխզիջումներ է ենթադրում: Կողմերից որեւէ մեկը չի կարող 100 տոկոսանոց արդյունք արձանագրել», - ասաց Ստոկհոլմի միջազգային խաղաղության ուսումնասիրման ինստիտուտի գործադիր խորհրդի նախագահ Գորան Լենմարկերը:

Լենմարկերը հրավիրված էր «Եվրոպական հեռանկարները «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում եւ Հայաստան-Եվրոպական միություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների գործընթացում» խորագրով միջազգային համաժողովին:

«Արեւելյան գործընկերություն» ծրագիրը, որին անդամակցում են նախկին խորհրդային 6 երկրներ՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Բելառուսը եւ Ուկրաինան, նախատեսում է այդ երկրների համար վիզային ռեժիմի մեղմացում եւ առեւտրի ազատականացում։

Լրագրողների հետ զրույցում Լենմարկերը ասաց, որ Հայաստանը եւ Ադրբեջանը փոխադարձ մեղադրանքներ ուղղելու փոխարեն՝ պետք է նախ ներքին քննարկումներ սկսեն, պարզեն, թե արդյոք երկու երկրների ներսում կա՞ հակամարտությունը կարգավորելու պատրաստակամություն, այնուհետեւ գնան քաղաքական լուծումների :

«Հակամարտությունը սառեցված չէ, եթե չեմ սխալվում տարեկան 20-30 երիտասարդ կյանքեր է խլում այդ հակամարտությունը»,- ընդգծեց Լենմարկերը:

«Խաղաղ կարգավորումը նշանակում է խաղաղ կարգավորում` առանց կրակոցների ու ռազմական գործողությունների: Մինսկի խմբի շրջանակներում ողջ գործընթացը, հանդիպումները ուղղված են խաղաղ կարգավորմանը: Իհարկե, աղետ կլինի, եթե գործընթացը վերածվի պատերազմի, բայց ես չեմ կարծում, որ դա իրատեսական տարբերակ է»:

Գորան Լենմարկերը նաեւ հայ-թուրքական հարաբերություններին անդրադարձավ` «ֆուտբոլային դիվանագիտությունը» մեծ գործընթացի սկիզբ գնահատելով:

«Չափազանց կարեւոր է հետեւել, թե ինչ է լինելու հետո: Թուրքիայում կան մարդիկ ամենավերին՝ նախագահի մակարդակով, որոնք ցանկանում են, որ այս գործընթացը շարունակվի», - ասաց ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվավոր նախագահը` շեշտելով, որ դա կարեւոր է եւ Հայաստանի, եւ Թուրքիայի եւ Եվրամիության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG