Մատչելիության հղումներ

«Ադրբեջանի տարածքի մի մասը գրավված է, բոլորս պարտավոր ենք աշխատել խնդրի կարգավորման ուղղությամբ»,- Բեռնում ասել է Թուրքիայի նախագահը։

Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաք Բեռնում իր պաշտոնակից Դորիս Լոյտարթի հետ երեկ հրավիրած համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների գրավումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների։

«Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կան որոշակի խնդիրներ։ Ադրբեջանի տարածքի մի մասը գրավված է։ Մեծ թվով մարդիկ դարձել են փախստական», - ասել է Գյուլն ու ավելացրել.- «Եթե այս խնդիրը չլուծվի, կարող են ի հայտ գալ անկանխատեսելի դժվարություններ։ Բոլորս պարտավոր են աշխատել խնդրի կարգավորման ուղղությամբ»։

«Տրենդ» ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ, Գյուլը Բեռնում ասել է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանի բոլոր երկրների հետ բարեկամական հարաբերություններ հաստատելուն եւ շարունակելու է ջանքեր գործադրել հայ-թուրքական կապերի բարելավման ուղղությամբ։

«Մենք անհրաժեշտ քայլեր ենք անելու Կովկասում հարատեւ խաղաղության հասնելու համար։ Կովկասի ներկայիս կացությունը չի համապատասխանում Եվրասիայի շահերին, որովհետեւ այս խնդիրները դառնում են պատ, որը բաժանում է Եվրոպան եւ Ասիան»,- ասել է Թուրքիայի նախագանը եւ հավելել.- «Եթե դրանք վերանան, ավելի ընդարձակ համագործակցություն կլինի տարբեր ոլորտներում»։

Շվեյցարական լրատվամիջոցները նշում են, որ թուրք-շվեյցարական հարաբերություններում լարվածություն է առաջացել այն բանից հետո, երբ նախ Ժնեւի, ապա Վոի կանտոնների (դաշնային պետության երկրամասերի) խորհրդարանները 2002 եւ 2003 թվականներին ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը։

Ի պատասխան դրան Անկարան չեղյալ էր հայտատարել Շվեյցարիայի արտգործնախարար Միլշին Կլամին-Ռեյին ուղարկված Թուրքիա այցելելու հրավերը, սակայն 2005-ին հարաբերությունները բարելավվել են, եւ նախարարը մեկնել է Թուրքիա։

Աբդուլահ Գյուլին Շվեյցարիա կատարած երկօրյա պետական այցի ընթացքում ուղեկցում են ներքին գործերի նախարա Բեշիր Ալաթայը, բնապահպանության նախարար Վեյսել Էրօղլուն, օրենսդիրներ եւ այլ պաշտոնյաներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG