Մատչելիության հղումներ

Դավիթ Հարությունյանը կալանավորված ընդդիմադիրներին վաղաժամկետ ազատելու «քաղաքական» խոչընդոտ չի տեսնում


Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ԱԺ մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանի կարծիքով վերջին շրջանում որոշ կալանավորված ընդդիմադիրներ ազատ են արձակվել «քաղաքական պահանջի առկայության պարագայում, բայց իրավական գործընթացներով»:

Երկու օր առաջ պայմանական-վաղաժամկետ ազատ արձակվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի Շիրակի մարզի ներկայացուցիչ, կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը: Նա ձերբակալվել էր 2008 թվականի մարտի 1-ին եւ դատապարտվել 5 տարվա ազատազրկման` մեղավոր ճանաչվելով սառը զենք կրելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն կիրառելու մեջ:

Անցած ամիս պայմանական-վաղաժամկետ ազատ էր արձակվել Հայ ազգային կոնգրեսի Լոռու կառույցի ղեկավար Աշոտ Մանուկյանը, ով մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանքով նույնպես 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել:

Ե՛վ Սաղաթելյանը ե՛ւ Մանուկյանը իրենց ազատ արձակելու որոշումը կապում են Հայաստանի իշխանությունների վրա միջազգային կառույցների կողմից գործադրվող ճնշումների հետ:

«Ճիշտն ասած ինձ դուր չի գալիս այդ «ճնշում» բառը, որովհետեւ շատ գնահատողական դատողություն է: Այն հարցադրումները, որոնք կային` մնացել են եւ անփոփոխ են: Բացենք վերջին երկու տարվա [ԵԽԽՎ] բանաձեւերը, եւ կտեսնենք ինչ հարցադրումներ կային, դրանից ավել որեւէ նոր քայլ կատարված չէ», - ուրբաթ օրը, արձագանքելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց Դավիթ Հարությունյանը, ով նաեւ Եվրոպայի խորհրդում հայաստանյան պատվիրակության ղեկավարն է, ու հավելեց. - «Ինչ վերաբերում է ազատված անձանց` նրանք պնդում են, որ դա քաղաքական ճնշման արդյունքում է: Բնական է` սա քաղաքական պայքարի տարր է, շատ բնական է, որ նրանք դա պետք է օգտագործեն»:

Այդուհանդերձ, Հարությունյանի խոսքով, միշտ չէ, որ իրավական հունով ընթացող գործընթացները ենթադրում են այլ դրդապատճառներ:

«Նրանք ազատվել են քաղաքական պահանջի առկայության պայմաններում, բայց իրավական գործընթացներով», - ընդգծեց Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի մյուս հարցին, թե արդյո՞ք այդ «քաղաքական պահանջի» արդյունքում հնարավոր է, որ առաջիկայում ազատ արձակվեն անազատության մեջ գտնվող ընդդիմադիր մյուս գործիչները` Դավիթ Հարությունյանը հետեւյալ պատասխանը տվեց. - «Չկա քաղաքական պահանջ, կամ քաղաքական մոտեցում, որ անթույլատրելի կլիներ այդ անձանց պայմանական-վաղաժամկետ ազատումը»:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին ազատ արձակելու պահանջներին, իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն ասաց, թե դա շատ նորմալ քաղաքական պահանջ է, բացի այդ` Սահմանադրությամբ ասված է, որ ցանկացած անձի կարծիքը պետք է հարգել:

«Բայց հարգել` չի նշանակում համաձայնել», - ընդգծեց Դավիթ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է Փաշինյանին ազատ արձակելու իրավական ճանապարհներին, ապա, ըստ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահի, եթե չեն կիրառվում համաներման եւ ներման տարբերակները, ապա պետք է կիրառվի վաղաժամկետ ազատ արձակման ճանապարհը: Կոնկրետ Նիկոլ Փաշինյանին պայմանական-վաղաժամկետ ազատ արձակելու համար անհրաժեշտ է, որպեսզի նա կրի սահմանված պատժաչափի ուղիղ կեսը` հաշվի առնելով, որ նա դատապարտվել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար` ինչը համարվում է ծանր հանցագործություն:

Նիկոլ Փաշինյանը դատապարտվել է 3 տարի 10 ամիս ազատազրկման, եւ սահմանված պատժաչափի ուղիղ կեսը լրանում է 2011 թվականի հունիսին:
XS
SM
MD
LG