Մատչելիության հղումներ

Իրաքի հայերը ակնկալիքներ ունեն Հայաստանի դեսպանության վերաբացումից


Տեսարան Բաղդադից

Տեսարան Բաղդադից

Իրաքում վերջերս վերաբացված հայկական դեսպանատան ներկայացուցիչները ուրբաթ օրը հանդիպում կունենան Իրաքի հայկական եկեղեցու Առաջնորդարանի ներկայացուցիչների հետ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց իրաքահայ համայնքի Ազգային կենտրոնական վարչության ատենապետ Պարույր Հակոբյանը:

Դեռեւս հայտնի չէ` նոյեմբերի 23-ին Իրաքի նահագահին իր հավատարմագրերը հանձնած դեսպան Մուրադ Մուրադյանը անձամբ կմասնակցի՞ հանդիպմանը, թե՞ ոչ:

Հակոբյանն ասում է` շատ ուրախ են, որ այժմ Իրաքում Հայաստանի դեսպանատունը կգործի, որոշ հարցեր կդյուրանան, կսերտանան մշակութային կապերը:

«Իհարկե, շատ լավ քայլ էր սա Հայաստանի պետության կողմից: Ամենաբարդ հարցը, որ կար` մենք եթե ցանկանայինք մեկնել Հայաստան, պետք է գնայինք Սիրիա, այնտեղից վիզա ստանայինք, կամ էլ Իրան` այնտեղից վիզա ստանայինք: Հիմա արդեն որ այստեղ է` մեր հարցերը շատ դյուրացան. ժողովուրդը դյուրությամբ կարող է այստեղից վիզա ստանալ», - նշեց իրաքահայ համայնքի Ազգային կենտրոնական վարչության ատենապետը:

«Հիմա ակնկալիքներ ունենք, բնականաբար` մշակութային հարցերի կապակցությամբ, մենք ուսուցիչների պակաս ունենք, հայերեն լեզվի դասատուների պակաս ունենք: Չգիտենք` Հայաստանը կկարողանա՞ մեզ օգտակար դառնալ, թե՞ ոչ», - ասաց Պարույր Հակոբյանը` հավելելով. - «Ինչու չէ` նաեւ մի քիչ ավելի հպարտ պիտի զգանք, որ մենք ունենք այստեղ դեսպան»:

Մյուս կողմից, նա չի կարծում, թե այն հիմնական խնդիրները, որ ունեն իրենք եւ քրիստոնյա ողջ համայնքը Իրաքում, Հայաստանի դեսպանատան առկայությամբ որեւէ կերպ կլուծվեն: Մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած հարձակումը քրիստոնեական եկեղեցու վրա ավելացրել է անհանգստությունը նաեւ Իրաքում բնակվող շուրջ 12-հազարանոց հայկական համայնքի շրջանակներում:

«Որպես համայնք` շատ մեծ ակնկալիքներ չունենք մենք իրականում: Ինչ է լինելու մեր վիճակը` սա էլ ուրիշ հարց է: Վերջին դեպքերը` քրիստոնյա եկեղեցու վրա որ հարձակվեցին, սա մեծ անդրադարձ ունեցավ ամբողջ քրիստոնյա համայնքի վրա, մարդիկ գրեթե սարսափի մեջ են, չգիտեն, թե վերջը ինչ է լինելու համայնքի ընդհանուր վիճակը», - ասաց Հակոբյանը` շեշտելով. - «Մենք իրաքցի ենք, մեր հայրենիքը Իրաքն է: Ճիշտ է, Հայաստանի դեսպանն է, Հայաստանն էլ մեր մայր հայրենիքն է, բայց այստեղի տեր ու տիրականը այստեղի պետությունն է, այստեղի կառավարությունն է, եւ մենք ենթակա ենք նրան: Այսինքն` մեր հարցերը մեր պետությունը պիտի լուծի»:

Իրաքում Հայաստանի դեսպանատունը, որը բացվել է 2003 թվականին, գործել է ընդամենը մի քանի ամիս եւ Իրաքյան պատերազմի մեկնարկից օրեր առաջ փակվել։ Այս տարվա սեպտեմբերի 1-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ Իրաքում ռազմական ակտիվ գործողությունները ավարտված են: Այդ հայտարարությունից մեկ շաբաթ անց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Իրաքում դեսպան նշանակվեց մոսկովյան ԲԱՄՕ ընկերության հիմնադիր Մուրադ Մուրադյանը:

Պարույր Հակոբյանը հայտնեց, որ դեսպանատունը վերաբացվել է ոչ թե նախկին շենքում, այլ անվտանգ` այսպես կոչված «կանաչ գոտում» գտնվող նոր շենք է վարձակալվել հայկական դեսպանության համար: Դեսպանատան հին շենքը, սակայն, պահպանվում է. - «Նոր շենք են վարձել, իսկ նախկին շենքն էլ են պահում: Նախկին շենքը, երբ մեկնեցին, մենք հանձն առանք պահելու»:
XS
SM
MD
LG