Մատչելիության հղումներ

Ադրբեջանի Սահմանադրական դատարանը քննարկում է ընտրությունների արդյունքները


Ադրբեջանի Սահմանադրական դատարանի նիստը, արխիվային լուսանկար
Ադրբեջանի Սահմանադրական դատարանի նիստը, արխիվային լուսանկար
Ուրբաթ օրը Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հատուկ նիստում սկսել է քննարկել նոյեմբերի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների արձանագրությունները, որոնք տրամադրել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ տարածքային ընտրական հանձնաժողովները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) արձանագրության համաձայն` Ադրբեջանի 4 միլիոն 928 հազար 594 ընտրողներից նոյեմբերի 7-ի քվեարկությանը մասնակցել են 2 միլիոն 442 հազար 365-ը, ինչը կազմում է ընտրողների կեսից ավելին։ 20 ընտրատարածքների ավելի քան 5 հազար 300 ընտրատեղամասերից ընդամենը 46-ում են արդյունքներն անվավեր ճանաչվել, ինչը չի ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա։

Ըստ ԿԸՀ-ի արձանագրության` 125-տեղանոց խորհրդարան է ընտրվել իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության 74 ներկայացուցիչ, 13 ներկայացուցիչներ 10 այլ կուսակցություններից եւ 38 անկուսակցական։

Սահմանադրական դատարանի կողմից ընտրությունների արձանագրությունների ամփոփումը եւ վավերացումը երկրի Սահմանադրության պահանջ է, եւ դատարանը պարտավոր է դա կատարել տասնօրյա ժամկետում։ Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է եւ բեկանման ենթակա չէ։

«Մուսավաթ» կուսակցությունը պնդում է, որ իշխանությունները կեղծել են ընտրությունները, եւ պահանջում է դրանք չեղյալ հայտարարել։ Ընդդիմադիր այս կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը հայտարարել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արձանագրությունը չի կարող օրինական համարվել։ «Կեղծվել են նույնիսկ մասնակցության տվյալները` քվեարկությանը մասնակցել է ընտրողների 15 տոկոսից ոչ ավելին, իսկ ԿԸՀ-ն հավաստիացնում է, թե կեսից ավելին է քվեարկել», - ասել է Ղամբարը։

Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին նույնպես պնդում է, որ հարկ է շարունակել պայքարը նոյեմբերի 7-ի քվեարկության արդյունքները չեղյալ հայտարարելու համար։ Իսկ Փանահ Հուսեյնովը նույնիսկ առաջարկել է ստեղծել այլընտրանքային կառույց` «ժողովրդական խորհրդարան», որը երկրի հրատապ հարցերի վերաբերյալ կընդունի խորհրդանշական որոշումներ եւ օրինագծեր։

Նախօրեին Բաքու է ժամանել Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ բանագնաց Փիթեր Սեմնեբին, ով ասել է, որ մտադիր է քննարկել Ադրբեջանում ստեղծված հետընտրական կացությունը, հանդիպել իշխանությունների եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ։ «Հարկ է հասկանալ, թե ինչպես կարելի է առաջ գնալ եւ ինչ հետեւություններ է պետք անել այս ընտրություններից հետո», - հինգշաբթի օրը Բաքվում ասել է Սեմնեբին։

Միջազգային կառույցների եւ արեւմտյան երկրների, այդ թվում Միացյալ Նահանգների համոզմամբ` նոյեմբերի 7-ի ընտրությունները չեն համապատասխանել պահանջված չափանիշներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG