Մատչելիության հղումներ

logo-print

Գրաֆիկական աշխատանքների մեծ ցուցահանդես նկարիչների միությունում


Նկարիչների միությունում նոյեմբերի 25-ին բացվեց գրաֆիկական աշխատանքների մեծ ցուցահանդես, որում ներկայացված էին 60 նկարիչների 100-ից ավել աշխատանքներ:

Ինչպես հպարտությամբ շեշտում է միության գրաֆիկայի բաժանմունքի ղեկավար Սամվել Կարապետյանը, այսպիսի ցուցահանդես միությունում մեկ էլ 20 տարի առաջ էր բացվել, թեեւ այս ընթացքում գրաֆիկական աշխատանքների փոքր ցուցահանդեսներ ժամանակ առ ժամանակ եղել են:

Կարապետյանն ասում է, որ գրաֆիկայի տարատեսակները քիչ են Հայաստանում ու հույս հայտնում, որ երկու տարի հետո` հայ գրքի տպագրության 500-ամյակին եւս մեկ մեծ ցուցահանդես կկազմակերպեն:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Կարապետյանը ասաց, որ Հայաստանում այժմ շատերը չեն զբաղվում գրաֆիկայով, որովհետեւ այն շատ աշխատատար պրոցես է:

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը շեշտում է, որ այս ցուցահանդեսը ստուգատեսի պես մի բան է, որպեսզի պարզեն, թե այս ոլորտում ինչ զարգացումներ կան Հայաստանում:

«Իմ կարծիքով` առայժմ մի փոքր հետ ենք ընկնում աշխարհի մյուս երկրներից: Գրաֆիկան Հայաստանի համար մի քիչ խորթ է եղել, խորհրդային տարիներին շատ ավելի ակտիվացավ, վերջին ժամանակներս կարծես թե անկում ենք ապրում», - ասաց Աղամյանը` երեւույթը պատճառաբանելով նրանով, որ հայերը ավելի շատ սիրում են «գույն, ոգեւորություն, էմոցիա, գունեղ կտավներ, իսկ գրաֆիկան ավելի համապատասխանում է հյուսիսային ազգերին»:

Նա նաեւ կարեւորեց նմանատիպ ցուցահանդեսների անցկացումը, որոնք կհանգեցնեն կերպարվեստի նկատմամբ հետաքրքրության:
XS
SM
MD
LG