Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը հերթական անգամ մերժել է ընդդիմության հանրահավաքի դիմումը


Երեւանի քաղաքապետարանը հերթական անգամ մերժել է դեկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին ընդդիմության ներկայացրած իրազեկման դիմումը` պատճառաբանելով, որ այդտեղ հոկտեմբերի կեսից հուշանվերների տոնավաճառ է անցկացվում:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը` նոյեմբերի 24-ին քաղաքապետարանում անցկացված քննարկման ժամանակ: Նրա փոխանցմամբ, սա քաղաքապետարանի 35-րդ մերժումն է:

«Քանի որ դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, այդ օրը հանրահավաք անցկացնելը մեզ համար խորհրդանշական կարեւորություն ունի: Իշխանությունները սարսափած լինելով այդ հեռանկարից` ամենածիծաղելի, ողորմելի եւ անօրինական հիմնավորումներով մերժում են այդ նպատակը», - ասաց Զուրաբյանը:

ՀԱԿ համակարգողը նկատում է, որ Ազատության հրապարակը ընդգրկված չէ այն վայրերի ցանկում, որտեղ հանրահավաքների անցկացման սահմանափակում կա, այսինքն այնտեղ հանրահավաք անցկացնելն արգելված չէ: Զուրաբյանը բերում է եւս մի քանի փաստարկներ, որոնք, նրա գնահատմամբ, վկայում են այն մասին, որ քաղաքապետարանը դիմում է յուրաքանչյուր անօրինության իրենց մուտքը Ազատության հրապարակ թույլ չտալու համար:

Զուրաբյանը նաեւ տեղեկացրեց, որ դեռեւս չեն որոշել, արդյոք դեկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մերժումը ստանալով, միջոցառումը այլ վայրում կանցկացնեն, մասնավորապես Մատենադարանի տարածքում, թե` ոչ:

«Այդ օրը մենք անցկացնելու ենք երթ, դա արդեն որոշված է, նախօրոք հայտարարել ենք դրա մասին միտինգում: Ինչ վերաբերում է հանրահավաք անելուն, դրա մասին մենք դեռ որոշում կընդունենք: Դա մենք կանենք ըստ նպատակահարմարության, երբ համարենք քաղաքական իրավիճակը դրա համար հասունացած», - նշեց Զուրաբյանը:

Քաղաքապետարանում կայացած քննարկմանը մասնակցել է նաեւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության աշխատակիցը:

Քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպչական բաժնի ղեկավար Գագիկ Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ ընդդիմության երթը թույլատրված է, իսկ դեկտեմբերի 10-ի համար դիմումատուին` այսինքն Հայոց համազգային շարժում կուսակցությանը, առաջարկ է արվել զանգվածային միջոցառում անցկացնել Մատենադարանին հարող հրապարակում:

Երբ հոկտեմբերի կեսին Ազատության հրապարակում սեղաններ տեղադրվեցին եւ տարածքում հուշանվերների տոնավաճառ բացվեց, այդ ժամանակ մասնակիցներն ասում էին, որ նախնական պայմանավորվածությամբ իրենց 20 օրով են հրավիրել, աշխատանքները ցուցադրելու հնարավորության մասին էլ ծանոթ-բարեկամ-ընկերներից էին իմացել, ինչը սակայն հերքում էր քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպչական բաժնի ղեկավարը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա պնդում էր, թե մտահղացումը քաղաքացիներին է եղել: Նրա խոսքով` այդ անձանց տոնավաճառին մասնակցելու թույլտվությունը մինչեւ նոյեմբերի 25-ն էր տրված:

Թեեւ այսօր նոյեմբերի 25-ն է, բայց տոնավաճառը չի փակվի: Գագիկ Բաղդասարյանը ասաց` որոշել են, որ տոնավաճառը կշարունակի գործել մինչեւ դեկտեմբերի 5-ը, իսկ դեկտեմբերի 6-ից տարածքում ամանորյա միջոցառումների նախապատրաստական աշխատանքներ կսկսվեն` փորձեր, ներկայացումների նախապատրաստություն եւ այլն: Ըստ նրա` տարածքը ընդդիմությանը չեն կարողանալու տրամադրել, այն զբաղված է լինելու մինչեւ հաջորդ տարվա հունվարի 13-ը:

«Ազատություն ռադիոկայանի այն հարցին, որ ընդդիմության կողմից շարունակական միջոցառումները ընկալվում են որպես հատուկ արվող քայլեր, որպեսզի արգելվի նրանց մուտքը Ազատության հրապարակ, Բաղդասարյանը պատասխանեց. - «Դա ընդդիմության կարծիքն է, պլանավորված միջոցառումներ ենք անցկացնում»:

«Ազատություն» ռադիոկայանի այն դիտարկմանը, որ հուշանվերների տոնավաճառում այսօրվա դրությամբ ընդամենը 6 սեղան կար` նախկին 4 շարքի փոխարեն, Բաղդասարյան պատասխանեց. - «Ինչ-որ տեղ ձեր ասածը տրամաբանություն ունի, բայց օրենքը ասում է` եթե իրազեկում է լինում, կամ դիմում է լինում ուղղված քաղաքապետարանին, իրազեկումը քննարկվում է օրենքով սահմանված կարգով: Բովանդակային առումով ես քննարկում երբեք չեմ արել, թե այնտեղ քանի մասնակից է լինում, կայանում է այդ միջոցառումը, թե չի կայանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG