Մատչելիության հղումներ

Իրաքի նախագահը հրավիրվել է Հայաստան, Հայաստանի նախագահը` Իրաք


Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանը երեքշաբթի օրը իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահ Ջալալ Թալաբանիին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Ջալալ Թալաբանին, գոհունակություն հայտնելով Իրաքում Հայաստանի դեսպանության վերաբացման կապակցությամբ, ընդգծել է Հայաստանում Իրաքի դեսպանության բացման կարեւորությունը` հատկապես հաշվի առնելով, որ այժմ Հայաստանում բնակվում են բազմաթիվ Իրաքի քաղաքացիներ (իրաքահայեր):

Մուրադ Մուրադյանը շնորհավորել է նախագահ Թալաբանիին վերընտրվելու կապակցությամբ եւ փոխանցել Հայաստանի նախագահի բարեմաղթանքներն ու Հայաստան այցելելու հրավերը: Դեսպանը շեշտել է Հայաստանի եւ Իրաքի միջեւ առկա բարեկամական հարաբերությունները:

Ջալալ Թալաբանին Հայաստանի դեսպանին հաջողություն է մաղթել առաքելության իրականացման գործում եւ իր հերթին հրավիրել Հայաստանի նախագահին այցելել Իրաք:

Մոսկովյան ԲԱՄՕ ընկերության հիմնադիր, Երեւանի մարզահամերգային համալիրի խորհրդի նախագահ Մուրադ Մուրադյանը Իրաքում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 6-ի հրամանագրով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG