Մատչելիության հղումներ

Եժի Բուզեկ. «Ռուսաստանը եւ Եվրոպան պետք է համատեղ գտնեն սառեցված հակամարտությունների լուծումը»


Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկ

Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկ

«Ռուսաստանն ու եվրոպական կառույցները պետք է համատեղ ուժերով գտնեն առկա խնդիրների, այդ թվում սառեցված հակամարտությունների լուծումը», - «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Եվրոպական խորհրդարանի ղեկավար Եժի Բուզեկը:

«Անդրադառնալով այնպիսի անջատական տարածաշրջանների, ինչպիսիք են Մերձդնեստրը, Հարավային Օսիան կամ Աբխազիան, կարող եմ միայն հիշեցնել, որ Եվրամիությունը սատարում է թե' Վրաստանի եւ թե' Մոլդովայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության գաղափարներին: Առանց այս խնդիրների լուծման, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ եւ հաստատուն կարգավորման մենք չենք կարող պնդել, թե ապրում ենք ազատ եւ միասնական Եվրոպայում: Այնպես որ, մեր աշխարհամասի այս հատվածները Եվրամիության հատուկ մտահոգության առարկա են հանդիսանում», - նշել է Բուզեկը:

Եվրախորհրդարանի նախագահը նաեւ կտրականապես հերքել է պարբերաբար Մոսկվայից հնչող այն պնդումները, թե Արեւելյան գործընկերություն ծրագրի հիմնական նպատակը հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ազդեցության թուլացումն է:

«Ռուսաստանը չպետք է վախենա, թե Արեւելյան գործընկերության քաղաքականությունը, որի նպատակն է այս տարածաշրջանում բարեկեցության, ժողովրդավարության, կայունության մակարդակի բարձրացումը, իր դեմ է ուղղված: Հակառակը, այս քաղաքականության հիմնական նպատակը կայունության ամրապնդումն է, ինչը բխում է նաեւ Ռուսաստանի շահերից», - ընդգծել է Եժի Բուզեկը:

Նա նաեւ չի բացառում, որ հետագայում Եվրամիությունը կարող է ընդլայնվել ի հաշիվ արեւելաեվրոպական մյուս պետությունների:

«Ընդհանուր առմամբ, մեր դռները բաց են եվրոպական բոլոր պետությունների համար: Բայց դա շատ երկարատեւ մի գործընթաց է: Որպես կանոն, սկսած նախապատրաստական փուլից` այդ ողջ գործընթացը տեւում է 10-15 տարի: Եվ մենք գիտենք, թե ինչ դժվար է հասնել նրան, որ այս կամ այն երկիրը համապատասխանի Կոպենհագենյան չափանիշներին: Սխալ կլիներ նաեւ կարծել, թե այս հեռանկարը կյանքի կկոչվի տեսանելի ապագայում», - նշել է Բուզեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG