Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Թուրքմենստան


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Թուրքմենստան:

Նախագահի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, այսօր տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ, որին նախագահների մասնակցությամբ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, ստորագրվել են երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության հաստատմանն ուղղված փաստաթղթեր:

Այնուհետեւ Հայաստանի եւ Թուրքմենստանի նախագահները հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով:

Անդրադառնալով նախագահ Բերդիմուհամեդովի հետ միջազգային և տարածաշրջանային հարցերի քննարկմանը` նախագահ Սարգսյանն ասել է, որ միջազգային օրակարգի կարեւորագույն հարցերի շուրջ Հայաստանի եւ Թուրքմենստանի դիրքորոշումների համընկնումը կամ նմանությունը միջազգային ասպարեզում փոխշահավետ համագործակցության լավ հիմք է:

«Մենք, իհարկե, նաեւ քննարկեցինք Հարավային Կովկասի անվտանգության վերաբերյալ հարցեր: Ես Թուրքմենստանի նախագահին ներկայացրեցի, թե ինչպիսին ենք տեսնում ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ուղիները: Մշտապես հնչող ռազմական հռետորաբանությունը եւ սպառազինության աննախադեպ աճը տարածշրջանում ստեղծում են ծայրահեղ լարված իրավիճակ», - մասնավորապես ասել է Սերժ Սարգսյանը` ընդգծելով, որ ղարաբաղյան հարցի կապակցությամբ Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է. ճգնաժամերը եւ հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա, որոնք մի ամբողջություն են կազմում:

«Միջազգային հանրության կարծիքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար կիրառելի այդպիսի սկզբունքներ են ուժի և դրա սպառնալիքի չկիրառումը, պետության տարածքային ամբողջականությունը եւ ազգերի ինքնորոշման իրավունքն ու իրավահավասարությունը: Միայն այսպիսի մոտեցումն է ապահովում արդար և երկարաժամկետ լուծման հասնելու հնարավորությունը»,- հավելել է Հայաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG