Մատչելիության հղումներ

Մշակույթի գործիչները պահանջում են ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին


Չորեքշաբթի օրը մի խումբ արվեստագետներ եւ մշակույթի գործիչներ պետական կոնսերվատորիայի դիմացի այգում` Կոմիտասի արձանի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել ի պաշտպանություն 2008 թվականի հետընտրական իրադարձությունների արդյունքում բանտում հայտնված «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի:

Մոտ մեկ շաբաթ առաջ մեկ տասնյակից ավելի զանգվածային լրատվամիջոցների խմբագիրներ պահանջեցին ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին` կապված վերջինիս այն հայտարարության հետ, որ իրեն նոյեմբերի 11-ին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում գիշերը քնած ժամանակ անհայտ անձինք բռնության են ենթարկել: Փաշինյանի այս հայտարարությունը հերքվել էր արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կողմից:

Ակցիայի մասնակիցները մի հայտարարություն ընդունեցին, որում իրենց մտահոգությունն էին հայտնում Փաշինյանի նկատմամբ հարձակումների պարբերականության կապակցությամբ եւ վստահություն հայտնում, որ Հայաստանի Հանրապետությանը` որպես եվրոպական արժեքների դավանող պետության` հարիր չէ ազատազրկման մեջ պահել լրագրողին` հակառակ միջազգային հանրության, միջազգային նորմերի եւ կոնվենցիաների պահանջին:

«Մենք հանուն Հայաստանի Հանրապետության պատվի եւ արժանապատվության, հաշվի առնելով լրագրողի կյանքին վտանգ սպառանալու հանգամանքը, անկախ նրանից` կիսում ենք նրա քաղաքական հայացքները, թե` ոչ, պահանջում ենք անհապաղ քննարկել եւ լուծել Նիկոլ Փաշինյանի ազատ արձակման հարցը` ի կատարումն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պահանջների», - նշված է հայտարարության մեջ:

Հայատարարությունը, որ մի քանի օր առաջ է սկսվել շրջանառվել, արդեն ութ տասնյակից ավել մարդ է ստորագրել, որոնց թվում են մշակույթի այնպիսի հայտնի գործիչներ, ինչպիսիք են Օհան Դուրյանը, Հակոբ Հակոբյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Երվանդ Մանարյանը, Ռուբեն Հախվերդյանը եւ այք:

Երվանդ Մանարյանը լրագրողներին ասաց, որ իրենք հավաքվել են ոչ միայն ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի:

«Անկեղծ որ ասելու լինենք` ի պաշտպանություն մեզ: Նիկոլ Փաշինյանը այդպիսի պաշտպանության կարիք չի զգում, մենք ավելի շատ մեր պատիվն ենք ուզում պաշտպանած լինել: Սա է կարեւորը: Ի վերջո, այս ժողովրդի մի հատվածն ենք, որը կոչվում է մտավորական», - ասաց դերասանը:

Դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը համոզված է, որ նրանք, ովքեր լռում են, մտավորական կամ արվեստագետ չեն, որովհետեւ արվեստագետը չի կարող հաշտվել անարդարության հետ:

«Մտավորականը միշտ ճշմարտությունն է ասում», - ասում է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG