Մատչելիության հղումներ

Հարավային Կորեայում խաղաղ բնակչության շրջանում զոհեր կան


Հյուսիսային Կորեայի կողմից հրետակոծության պատճառած ավերածությունները Հարավային Կորեայի Յոնգպյանգ կղզում, 24-ը նոյեմբերի, 2010թ.

Հյուսիսային Կորեայի կողմից հրետակոծության պատճառած ավերածությունները Հարավային Կորեայի Յոնգպյանգ կղզում, 24-ը նոյեմբերի, 2010թ.

Հարավային Կորեայի ոստիկանությունը հայտնաբերել է զոհված երկու քաղաքացիների մարմիններ` նախօրեին Հյուսիսային Կորեայի կողմից հարավկորեական Յոնգպյանգ կղզին հրետակոծելուց հետո:

Սրանք առաջին զոհերն են խաղաղ բնակչության շրջանում: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ գնդակոծության արդյունքում զոհվել է հարավկորեացի 2 զինվոր, 19 հոգի վիրավորվել են:

Նոյեմբերի 23-ին միջադեպի կապակցությամբ խորհրդակցություն է հրավիրել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ով պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոնի հետ քննարկել է կորեական թերակղզում ստեղծված իրավիճակը: Օբաման նաեւ զանգահարել է Հարավային Կորեայի նախագահ Լի Մյոնգ Բակին եւ հայտնել ԱՄՆ-ի աջակցությունը:

Սպիտակ տան մամուլի փոխխոսնակ Բիլ Բերթոնը հայտարարել է, որ Օբաման վրդովված է Հյուսիսային Կորեայի գործողություններից` հավելելով, որ Միացյալ Նահանգները կանգնած է Հարավային Կորեայի կողքին եւ վճռականորեն տրամադրված է պաշտպանել իր դաշնակցին:

Հյուսիսային Կորեայի հարցերով Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բոսուորթը չորեքշաբթի օրը Պեկինում անդրադարձել է միջադեպին:

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը դատապարտել Հյուսիսային Կորեայի գործողությունները եւ հստակ հասկացնել, որ Հյուսիսային Կորեան վերջ դնի իր սադրանքներին եւ իրականացնի միջուկային զինանոցից հրաժարվելու իր պարտավորությունները», - ասել է Բոսուորթը:

Նա նաեւ հավելել է, որ «Միացյալ Նահանգները նախկինի պես հստակ աջակցում է Կորեայի Հանրապետությանը եւ Հյուսիսարեւելյան Ասիայում խաղաղության եւ կայունության պահպանմանը»:

Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը եւս անդրադարձել է Կորեական թերակղզում ստեղծված իրադրությանը` հայտարարելով. - «Հյուսիսային Կորեայի հարձակումը Հարավային Կորեայի վրա ուղղված էր խաղաղ բնակչության դեմ, եւ ուրեմն` ես պետք է ասեմ, որ դա վանդալիզմ էր, որը երբեք չի ներվի»:

Ճապոնիայի վարչապետը նաեւ ասել է, որ Ճապոնիան, ինչպես եւ Միացյալ Նահանգները, սերտորեն կհամագործակցի Հարավային Կորեայի հետ` իրավիճակը կարգավորելու նպատակով:

«Մենք նաեւ դիմելու ենք Չինաստանին` երկիր, որ մեծ ազդեցություն ունի Հյուսիսային Կորեայի վրա, որպեսզի այդ երկիրը եւս արտահայտի իր դիրքորոշումը Հյուսիսային Կորեայի հարձակման վերաբերյալ», - հայտարարել է Կանը:

Չորեքշաբթի օրը նաեւ հայտնի է դարձել, որ Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը Դեղին ծովում համատեղ ծովային զորավարժություններ կանցկացնեն: ԱՄՆ-ը ընդգծում է, որ համատեղ զորավարժությունների անցկացումը Հյուսիսային Կորեայի կողմից հրետանակոծմանն ի պատասխան չի կազմակերպվում, քանի որ որոշումն ընդունվել է միջադեպից օրեր առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG