Մատչելիության հղումներ

logo-print

Մեդվեդեւը ցանկանում է ակտիվացնել մրցակցությունը քաղաքական դաշտում


Դմիտրի Մեդվեդեւ

Դմիտրի Մեդվեդեւ

Ռուսաստանում ժողովրդավարությունը անկատար է, եւ իշխանությունները դա հիանալի գիտակցում են, հայտարարել է նախագահ Դմիտրի Մեդվեդեւը իր վիդեոբլոգում եւ ընդգծել` անհրաժեշտություն է առաջացել բարձրացնել մրցակցության մակարդակը ընդդիմության եւ իշխանության միջեւ։

«Գաղտնիք չէ, որ որոշակի ժամանակահատվածից սկսած մեր քաղաքական կյանքում սկսեցին ի հայտ գալ լճացման նշաններ, ինչը հավասարապես կործանարար է թե' իշխող կուսակցության, թե' ընդդիմադիր ուժերի համար», - հայտարարել է Մեդվեդեւը ու մանրամասնել. - «Երբ ընդդիմությունը արդար պայքարում հաղթելու անգամ նվազագույն շանս չի ունենում, դեգրադացվում է եւ դառնում մարգինալ։ Մյուս կողմից, երբ իշխանությունը դառնում է անպարտելի եւ երբեւէ եւ որեւէ տեղ չի պարտվում, նույնպես դեգրադացվում է, ինչպես ցանկացած կենդանի օրգանիզմ, որը տեղից չի շարժվում»։

Քննադատության ենթարկելով առկա համակարգը, Մեդվեդեւը հստակ ընդգծել է, որ իր նախագահության օրոք` անցած երկու տարիների ընթացքում, մի շարք քայլեր են արվել թերությունները շտկելու ուղղությամբ:

«Այսօր արդեն կարող եմ ասել, որ մենք էական առաջընթաց ենք արձանագրել», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը։ - «Մեր նպատակն է քաղաքական համակարգը դարձնել արդար, ճկուն եւ բաց` փոփոխությունների համար։ Որպեսզի յուրաքանչյուրի` անգամ մեկ մարդու ձայնը դառնա լսելի եւ հաշվի առնվի։ Այս առումով, իշխանական համակարգը պետք է դառնա թափանցիկ եւ յուրաքանչյուր մարդու խնդիրներին արձագանքող»։

Այս նպատակներին հասնելու համար, Մեդվեդեւի խոսքով, վերջին երկու տարվա ընթացքում Ռուսաստանում հինգ կարեւոր բարեփոխում է իրագործվել, այդ թվում` խստացվել է պատիժը ընտրախախտումներ իրականացնողների համար, քաղաքական բոլոր ուժերին տրվել է լրատվամիջոցներից հավասարապես օգտվելու հնարավորություն, բարձրացվել է կուսակցությունների դերը նահանգապետեր նշանակելու գործընթացում։ Բացի այդ, իր ձեռքբերումների շարքում Մեդվեդեւը նշել է նաեւ խորհրդարան անցնելու համար սահմանված նվազագույն շեմի կրճատումը, ինչպես նաեւ` ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ ընթացակարգի հեշտացումը։

«Մենք քաջ գիտակցում ենք, որ մեր ժողովրդավարությունը անկատար է, սակայն մենք ճանապարհի սկզբում ենք դեռ։ Եվ ամենակարեւորն այն է, որ տեղում չենք կանգնում, առաջ ենք շարժվում», - հայտարարել է Դմիտրի Մեդվեդեւը` հերթական անգամ ընդգծելով. - «Բարեփոխումներ պետք են, սակայն դրանք պետք է իրագործել փուլ առ փուլ` քաղաքական համակարգը ամրապնդելու, ոչ թե կաթվածահար անելու նկատառումով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG