Մատչելիության հղումներ

Լիբանանահայերը բողոքում են Թուրքիայի վարչապետի այցի դեմ


Ռեջեփ Էրդողան, արխիվային լուսանկար

Ռեջեփ Էրդողան, արխիվային լուսանկար

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը չորեքշաբթի օրը ժամանել է Լիբանան։ Օդանավակայանում նրան դիմավորել է Լիբանանի պաշտոնական պատվիրակությունը` վարչապետ Սաադ Հարիրիի գլխավորությամբ։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Լիբանանում հրատարակվող «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Քանդահարյանը ասաց, որ հարյուրավոր հայ երիտասարդներ բողոքի ակցիա են անցկացրել օդանավակայանի մոտ` «պահանջատիրական կարգախոսներով, պաստառներով բողոքում են Էրդողանի այցելության դեմ»։

Նա ասաց, որ բողոքի ակցիայի մասնակիցները միայն հայկական խնդիրները չեն բարձրաձայնել, այլ կոչ են արել նաեւ լիբանանյան հասարակությանը, քանի որ «Օսմանյան կայսրությունից լուրջ ձեւով, աղետաբեր ձեւով տուժել է նաեւ Լիբանանը»։

«Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Էրդողանի այցի դեմ հարյուրից ավելի հայ երիտասարդները պաստառներ են բարձրացրել հետեւյալ գրություններով` «Լիբանանը չի մոռացել Թուրքիայի արյունոտ պատմությունը տարածաշրջանում», «Էրդողանը պետք է խոնարհվի մեր նահատակների առջեւ», «Այսօրվա Թուրքիան երեկվա Թուրքիան է»։

Շահան Քանդահարյանն ասաց, որ Բուրջ Համուդից դեպի Անթիլիաս, դեպի օդանավակայան մայրուղու վրա տեղադրված շատ ցուցապաստառներ ոստիկանությունը հավաքել է։ Իշխանությունների այս միջամտության դեմ հայերը բողոքել են։

Պատգամավոր Հակոբ Բագրատունին հայտարարություն է տարածել` պահանջելով պատասխանատվության ենթարկել պաստառները հավաքողներին։

«Բավական թեժ է մթնոլորտը այդ առումով», - ասաց Շահան Քանդահարյանը` հայտնելով, որ հինգշաբթի օրը Բեյրութում մեծ հանրահավաք է անցկացվելու, մասնակցելու են հայկական ավանդական երեք կուսակցությունները, հայ համայնքը:

Նա նաեւ ասաց, թե «ակնկալվում է, որ Բեյրութի Նահատակաց հրապարակում բավականին մեծ հանրահավաք կլինի»։

Էրդողանը Լիբանան է այցելել երկու օրով: DPA գործակալությունը հաղորդում է, որ նա հանդիպումներ է ունենալու երկրի ղեկավարների, ինչպես նաեւ «Հըզբոլա»-ի պատգամավորների հետ։

Չորեքշաբթի օրը լիբանանյան As Safir թերթում հրապարակված հոդվածում Ռեջեփ Էրդողանն ասել է, թե Թուրքիան թույլ չի տա, որ Լիբանանում քաղաքացիական պատերազմ լինի։ Նա ասել է, որ հիմա «Լիբանանի միասնության ժամանակն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG