Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյան. «Ադրբեջանը մեկընդմիշտ պետք է հասկանա, որ Ղարաբաղը երբեք չի լինի իր կազմում»


Հովիկ Աբրահամյան, արխիվային լուսանկար

Հովիկ Աբրահամյան, արխիվային լուսանկար

«Ադրբեջանը մեկընդմիշտ պետք է հասկանա, որ այսօր ժողովրդավարությամբ իրեն գերազանցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, մանավանդ որ երբեւէ չի էլ եղել», - հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի լիագումար նիստում երեքշաբթի օրը ունեցած ելույթում:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վաղուց արդեն իր կայացած պետական ինստիտուտներով եւ կառույցներով ժողովրդի կամարտահայտությամբ ստեղծված ու կայացած պետություն է, ինչում դե ֆակտո համոզված է նաեւ միջազգային հանրությունը: Իսկ դե ֆակտո-ից դե յուրե, կարծում եմ, թեպետ դժվար եւ երկար, բայցեւայնպես, հաղթահարելի ճանապարհ է», - ասել է Հովիկ Աբրահամյանը:

«Մինչ Հայաստանը մշտապես հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակում, եւ հավատարիմ է իր խոսքին, Ադրբեջանն իր ռազմատենչությամբ եւ ապակառուցողական քայլերով ձախողում է կարգավորման գործընթացը եւ խաթարում կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում», - ընդգծել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահը:

Անդրադառնալով հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին` Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, ասել է. - «[Ցյուրիխում հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունների] ստորագրումից կարճ ժամանակ անց Թուրքիայի իշխանությունները տարբեր մակարդակներով նախ որոշակիորեն քողարկված, ապա բացահայտ սկսեցին նախապայմաններ առաջադրել Հայաստանին` խոչընդոտելով հարաբերությունների կարգավորմանը: Քանի որ հայ - թուրքական արձանագրությունների ստորագրումը տեղի է ունեցել բարձր միջնորդությամբ, ըստ էության, Թուրքիան նախապայմաններ առաջադրեց ոչ միայն Հայաստանին, այլեւ բոլոր նրանց, ովքեր ներկա էին հիշյալ փաստաթղթերի ստորագրման արարողությանը, ովքեր հավատացել էին այդ երկրի ամենաբարձր մակարդակով հնչած հավաստիացումներին»:

«Ի տարբերություն քաղաքականապես երերուն իր հարեւանի, Հայաստանը պատրաստակամ է կատարել ստանձնած պարտավորությունները: Եթե մենք, աչքի առաջ իբրեւ անհերքելի փաստ ունենալով 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը, մեր հոգում կրելով այդ ցավը, համաձայնում ենք նախապայմաններ չառաջադրել եւ հարաբերություններ հաստատել այսօր էլ իր մեղքը չընդունող երկրի հետ` որպես Օսմանյան կայսրության իրավաժառանգորդի, իսկ այդ երկիրն ինքն է պայմաններ առաջադրում, ապա այս պարագայում ավելի քան արդարացված ու տեղին էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը` ժամանակավորապես առկախել հայ - թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում», - նշել է Հովիկ Աբրահամյանը եւ հավելել. - «Թուրքիան պետք է քաղաքական կամք ու պարկեշտություն ունենա շարունակելու կարգավորման գործընթացը, հրաժարվելու նախապայմաններից եւ վավերացնելու արձանագրություններն իր խորհրդարանում: Միայն այս պարագայում Հայաստանը կվերադառնա արձանագրությունների վավերացմանը, եւ, ըստ էության, հարաբերությունների կարգավորմանը»:

Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ «ո'չ այդ գործընթացը, ո'չ էլ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը չեն նշանակում, թե Հայաստանը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության փաստը»: «Հայաստանը երբեք կասկածի տակ չի դրել եւ չի դնի այն, չի մասնակցի դրա շուրջ որեւէ սակարկության: Ավելին, շարունակելու է հետամուտ լինել պատմական արդարության վերականգնմանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ամբողջականացմանը, հասնելու միջազգային հանրության կողմից համընդհանուր դատապարտման, որովհետեւ նման հանցագործությունների դատապարտումը կանխարգելիչ ուժ կհանդիսանա հետագայում նման ոճրագործությունների կրկնությունը բացառելու համար», - ասել է Ազգային ժողովի նախագահը:

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման որպես երկրորդ նախապայման Թուրքիան նշում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Սակայն ի՞նչ կապ ունեն այդ երկու հարցերն իրար հետ եւ Թուրքիան ինքն այդ խնդրի հետ, երբ նա որեւիցե փաստաթղթով երբեւէ դրան չի առնչվել, որեւէ միջազգային ատյանում նրան, որպես կողմնակալ երկրի, որեւէ դեր չի վերապահվել: Վերջապես, միջազգային տարբեր կառույցներ բազմիցս նշել են, որ հայ - թուրքական հարաբերությունների բնականոնացումը եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը տարբեր եւ առանձին գործընթացներ են: Իր քայլերով Թուրքիան պարզապես փորձում է աջակցել Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին եւ ապակառուցողական քայլերին` դրանով իսկ խոչընդոտելով խնդրի կարգավորմանը», - հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը Սիրիա է ժամանել երկուշաբթի երեկոյան:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` երեքշաբթի օրը Դամասկոսում կայացել է Հովիկ Աբրահամյանի եւ Սիրիայի Ժողովրդավարական ժողովի նախագահ Մահմուդ ալ-Աբրաշի առանձնազրույցը, որի ժամանակ Սիրիայի խորհրդարանի նախագահը ընդունել է Հայաստան այցելելու հրավերը: Այնուհետեւ տեղի է ունեցել Հայաստանի եւ Սիրիայի խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով:

Հանդիպումից հետո Աբրահամյանը եւ ալ-Աբրաշը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` բարեկամական կապերի եւ համագործակցության հետագա զարգացման ու ամրապնդման վերաբերյալ:

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդարանում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Ազգային ժողովի նախագահը այցելել է նաեւ Ս. Թարգմանչաց ազգային միջնակարգ վարժարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG