Մատչելիության հղումներ

Ղարաբաղի բանակում տեղի ունեցած միջադեպի համար մեղադրվում է վիրավորված զինծառայողը


Անցած շաբաթավերջին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում տեղի ունեցած միջադեպի համար մեղադրվում է նույն միջադեպի ժամանակ վիրավորված զինծառայող Մանվել Հազրոյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից, Հազրոյանին երեքշաբթի օրը մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի երկրորդ մասի առաջին կետով` երկու եւ ավելի անձանց սպանության համար, 34-104 հոդվածի երկրորդ մասի առաջին կետով` երկու եւ ավելի մարդկանց սպանության փորձի համար, եւ 365 հոդվածի առաջին մասով` մարտական ծառայությունը կրելու կանոնները խախտելու համար: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հազրոյանը, ով նույնպես վնասվածքներ ունի եւ ներկայումս բուժում է ստանում Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում, ըստ պաշտպանության նախարարության քննչական ծառայության, առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր է ճանաչել:

Մանվել Հազրոյանը ազգությամբ հայ է, մականունը` «Եզդի»:

Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում նոյեմբերի 19-ին ժամը 24:00-ի սահմաններում հրազենային կրակահերթերից 4 ժամկետային զինծառայողներ զոհվել են, եւս 4 զինծառայողներ ստացել են հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ:

Հազրոյանի հարազատները չեն հավատում պաշտոնական վարկածին: Մանվելի հայրը` Արմեն Հազրոյանը, որ չորեքշաբթի օրը վերադարձել է Լեռնային Ղարաբաղից, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց, որ որդին չէր կարող 4 հոգու սպանել, 3-ին վիրավորել, հետո էլ իր վրա կրակել, նախ որովային, հետո` գլխին: Հայրը նաեւ չի հավատում, որ որդին ընդունել է իր մեղքը, քանի որ մեկ օր առաջ հոսպիտալում հանդիպման ժամանակ նա մի կերպ է խոսել:

«Ի վիճակի չէր, հազիվ կարողանում էր մի երկու բառ խոսել իմ հետ: Էդ ո՞նց եղավ, որ միանգամից էդ վիճակում ասաց, որ ինքն է արել», - հարցնում է Արմեն Հազրոյանը:

Նա պատմում է, որ որդու հետ տեսակցության ժամանակ իրեն մենակ չեն թողել որդու հետ, անկողնու մոտ 7-8 հոգի հսկել են:

Հազրոյանի հորը որեւէ մեկը չի ասել, թե ինչ է տեղի ունեցել զորամասում, միայն նրան հատկացված փաստաբանն է ասել, թե իբր որդին խոստովանել է, որ ինքն է կրակել մյուս զինծառայողների վրա: Անգամ բժիշկները որդու առողջական վիճակի մասին որեւէ տեղեկություն չեն տրամադրել:

Մանվելի եղբայրը` Գրիգորը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ կասկածներ ունեն, որ նրա վրա ուղղակի «գործ է սարքվում»:

Մանվել Հազրոյանը Լեռնային Ղարաբաղում ծառայում էր 1 տարի, 1 ամիս եւ հարազատների պնդմամբ, ծառայության ընթացքում որեւէ դժգոհություն չի հայտնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG