Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 24-ի մամուլ


«Քաղբանտարկյալների» խնդիրը կարող է քննարկվել կոնֆիդենցիալ զրույցի ընթացքում, այլ ոչ թե միտինգներում ու հարցազրույցներում: Առավել եւս` ոչ միջազգային կազմակերպություններում, որոնց մերոնք այդչափ սիրում են դիմել», - չակերտների մեջ առնելով «քաղբանտարկյալ» բառը` այս մասին գրում է «Հայոց աշխարհ»-ի խմբագիրն ու շարունակում. - «Ներում շնորհելու ավանդույթն ընդհանրապես ամենափայլուն հայտնագործություններից մեկն է: Կասկածի տակ չառնելով դատապարտման արդարացիությունը, այսինքն` չդնելով պետությանը իր նախկին որոշումները մշտապես վերափոխելու անհրաժեշտության առջեւ, ներման շնորհումը նվազագույնի է հասցնում այդ որոշումների խստությունը: Օրենքն օրենք է, բայց նրանից վեր կանգնած է դատապարտյալների նկատմամբ գթասրտության իրավունքը»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ն ընդհանրացնում է. - «Հայաստանում քաղաքականության հետ առնչվող ցանկացած հարց, իհարկե, ոչ թե օրենքի շրջանակներում է լուծվում, այլ Սերժ Սարգսյանի կաբինետում: Հենց այդ կաբինետում են ընդունվում այն որոշումները, թե պե՞տք է արդյոք ազատ արձակել քաղբանտարկյալներին, եթե տրամադրել «Ա1+»-ին, վերադարձնել Ազատության հրապարակը եւ այլն: Բայց արդյո՞ք Սերժ Սարգսյանը պիտի նստի ու որոշի` ազա՞տ է արձակում քաղբանտարկյալներին, թե ոչ, եթեր տրամադրո՞ւմ է «Ա1+»-ին, թե ոչ: Այդ կարգի որոշումները, մեծ հաշվով, ածանցյալ են. Սերժ Սարգսյանը բոլորովին այլ հարցում պիտի որոշում կայացնի` ինչպե՞ս է պատկերացնում Հայաստանի ապագահ, ասենք, առաջիկա 5-10 տարիներին, եւ ի՞նչ ուղղությամբ է տանելու երկիրը»:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին նախօրեին հայտարարեց, թե Թբիլիսին երբեք ուԺ չի գործադրի Աբխազիան եւ Հարավային Օսիան ետ բերելու համար: Այս առթիվ «Ժամանակ»-ը բխեցնում է. - «Այդպիսով, Հարավային Կովկասում փաստացի ստեղծվում է նոր իրավիճակ, երբ կովկասյան միակ հակամարտությունը մնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ի՞նչ է դա ենթադրում, այդ միակ հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացո՞ւմ, թե՞ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի օրինակով այստեղ էլ տատուս քվոյի ամրագրում: Համենայնդեպս, առայժմ քիչ հավանական է թվում, որ Իլհամ Ալիեւը կարող է ասել այն, ինչ Եվրախորհրդարանում ասաց Սահակաշվիլին: Այդ բանը հնարավոր է թվում մի դեպքում, եթե Ադրբեջանն էլ, Վրաստանի նման, փորձի ռազմական գործողության դիմել հակամարտության գոտում եւ բախվելով հակադարձ ուժի` ստիպված լինի գնալ ստատուս քվոն ճանաչելու ճանապարհով»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Մեր տեղեկություններով, պետեկամուտների կոմիտեն ըստ էության ետ է կանչել մի քանի տասնյակ տնտեսվարողների մոտ նշանակված հարկային ներկայացուցիչներին: Եթե հիշում եք, հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխություններով այս տարվա հուլիսին հարկային ներկայացուցիչներ նշանակվեցին սննդամթերքի, ծխախոտի, դեղերի ներմուծմամբ եւ արտադրությամբ զբաղվող մի շարք ընկերություններում: Այդ ներկայացուցիչները իրավունք ունեին տեղում ստուգել ընկերությունների ամբողջ փաստաթղթաշրջանառությունը, ստուգել պահեստները, ապրանքի առաքման ծավալները եւ այլն: Հարկային ներկայացուցիչները մինչեւ վերջերս այդ ընկերությունների էին այցելում ինչպես աշխատանքի` առավոտյան գնում, երեկոյան վերադառնում էին: Սակայն, ինչպես եւ կանխատեսվում էր, ժամանակը ցույց տվեց, որ այդ ներկայացուցիչների ինստիտուտը բոլորովին անիմաստ է` հարկային հավաքագրումները այդ ընկերություններից ամենեւին էլ չավելացան: Բայց այս տարվա ամռանը այդ ինստիտուտի հետ կապված ի՛նչ հզոր ճառեր էին հնչում: Այդ նոր ինստիտուտը ներկայացվում էր որպես ստվերի դեմ պայքարի մի այնպիսի հզոր զենք, որ թվում էր, թե հարկային ներկայացուցիչների գործունեության արդյունքում տնտեսության ստվերային մասը իսպառ արմատախիլ կլինի: Բայց այլ բան է ճառասանությունը, եւ բոլորովին այլ բան` իրական կյանքը: Իշխանությունը չունի ստվերի դեմ պայքարելու ցանկություն, ավելին` իշխանությունը կերակրվում է այդ նույն ստվերից»:

«Հրապարակ»-ն ահազանգում է. - «Երեկ Մեղրիի մանկապարտեզում օձ է հայտնվել: Մանկապարտեզի աշխատակիցները սաներին տեղափոխել են երկրորդ հարկ: Օջին վնասազերծել չի հաջողվել: Մանկապարտեզի աշխատակիցների ենթադրությամբ, անհարթ հատակի ու բետոնի արանքներում սողուններն ու կրծողները բնավորվել են: Մեղրիի քաղաքապետարանը ստիպված կլինի չնախատեսված ծախսեր անել. Հիմնովին պետք է փոխել 2000 քմ մակերեսով հատակը: Մոտավոր հաշվարկներով 7 մլն դրամ է պետք այս գործի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG