Մատչելիության հղումներ

Հայաստանի կառավարության նիստերի դահլիճում այսօր բացված «Արմպրոդէքսպո-2010» տասներորդ միջազգային ցուցահանդեսում ներկայացված էր Հայաստանի ագրոպարենային ոլորտի ձեռնարկությունների եւ հայաստանյան շուկայի նկատմամբ հետաքրքրություն ունեցող արտասահմանյան ընկերությունների ավելի քան երկու տասնյակ տաղավար:

Չնայած տաղավարների թիվը չէր հասնում 3 տասնյակի` գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ մասնակիցների թիվը 60-ից ավելի է, իսկ ցուցահանդեսը անվանեց «նախադեպը չունեցող միջոցառում»:

«Տարին գյուղատնտեսական չէր»


Հարցին, թե ինչ ցուցանիշներով է ամփոփելու տարին գյուղատնտեսության ոլորտում, Գերասիմ Ալավերդյանը արձագանքեց. - «Տարին գյուղատնտեսական չէր, բավականին լուրջ խնդիրներ առաջացրեց: Մենք եղանք տեղերում, կիրառեցինք մեր պաշտպանիչ միջոցները: Եթե չլինեին այս միջոցառումները` վիճակը ավելի տխուր կլիներ»:

Մեզ հետ զրույցում եղանակային պայմաններից դժգոհեց նաեւ Արարատի մարզում պահածոների արտադրությամբ զբաղվող «Արտֆուդ» ընկերության տնօրեն Սերգո Կարապետյանը` նշելով սակայն, որ շահույթի նվազեցման հաշվին այս տարի հաջողվել է պահպանել արտադրության ծավալները եւ խուսափել թանկացումներից:

«Կաթնամթերքի թանկացումն անխուսափելի է»


Կաթնամթերք արտադրող «Մարիաննա» ընկերության տնօրեն Տիգրան Վարդանյանն էլ ասում է, թե մթերվող կաթի թանկացման պատճառով շուրջ 3 ամիս է պանիր չեն արտադրում, տարին կամփոփեն զգալի կորուստներով:

«Մեր ոլորտում մի կերպ կավարտենք տարին` անցած տարվա համեմատ մի 10 տոկոսի նվազում կա: Սպասենք եկող տարվան: Եթե հումքի գները չիջան` կաթնամթերքն էլ կթանկանա», - նշեց նա:

Կաթնամթերք արտադրող «ԲիոԿաթ» ընկերության հիմնադիր Շիրին Սարուխանյանն էլ նշեց, որ միջազգային շուկայում կաթի փոշու թանկացումը բերեց այն բանին, որ պանրի եւ կարագի արտադրության համար նախատեսված կաթը ընկերությունները ստիպված են այժմ դարձնել կաթի փոշի` պաղպաղակի եւ կաթնամթերքի արտադրությունը ապահովելու համար: Ըստ նրա, կաթնամթերքի թանկացումը Հայաստանում անխուսափելի է:

«Ես իմ հումքը ապահովելու համար գինը բարձրացրել եմ: Հիմա Ապարանում ընդունում եմ 170 դրամով, դեկտեմբերի 1-ից կդարձնեմ 200», - նշեց նա:
XS
SM
MD
LG