Մատչելիության հղումներ

26 անձ ՀՀՇ-ի երիտասարդական թեւից դուրս գալու դիմում է ներկայացրել


ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյան
ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյան
Հայոց համազգային շարժում կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ 26 անձ ՀՀՇ-ի երիտասարդական թեւից դուրս գալու դիմում է ներկայացրել, որոնց թվում է նաեւ երիտասարդական թեւի ղեկավար Կարեն Կարապետյանը:

Արամ Մանուկյանը նաեւ շեշտեց, որ դուրս գալու ցանկություն հայտնածներից որեւէ մեկը իր որոշումը քաղաքական պառճառներով չի բացատրել:

«Նրանց մի մասը 35-42 տարեկան է, մի մասը բանակ է գնացել, մի մասը դիմումները արդեն ետ է վերցրել: Ոչ մեկը քաղաքական պատճառաբանություն չի ներկայացրել, բոլորն էլ, տառացիորեն, ձեւակերպված են եղել նույն տեքստով եւ նույն օրը: Խոսել եմ շատ շատերի հետ, ոչ մեկը պատճառաբանություն չունի», - հայտարարեց Արամ Մանուկյանը:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչու են իրենց ընկերները ցանկանում լքել կուսակցությունը` ՀՀՇ երիտասարդական միության անդամ Տիգրան Առաքելյանը պատասխանեց. - «Ինձ հետ պայքարողների շարքերից որեւէ մեկը չի պակասել, ես ի՞նչ իմանամ: Կարեն Կարապետյանը 36 տարեկան է, ավտոմատ կարելի է համարել, որ ինքը էլ երիտասարդ չէ: Ես չեմ կարող մեկնաբանել»:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց ՀՀՇ երիտասարդական թեւի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը, նա դիմումը գրել է մոտ 2 շաբաթ առաջ, սակայն որոշել է մնալ կուսակցության շարքերում:

Նախօրեին մամուլում տեղեկություններ էին հայտնվել, թե ՀՀՇ-ի երիտասարդական թեւում տարաձայնությունները եւ կուսակցությունից հեռանալու ցանկությունը առաջացել էր այն բանից հետո,երբ որոշվել էր, որ Բեյրութում կայանալիք լիբերալ-դեմոկրատական կուսակցությունների երիտասարդական համաժողովին մասնակցելու կգործուղվեն ղեկավար անդամների երեխաները: Արամ Մանուկյանը այս տեղեկությունը հերյուրանք որակեց, իսկ Կարեն Կարապետյանը հրաժարվեց մեկնաբանել:

«Պատճառները շարունակում եմ առայժմ չմեկնաբանել, ես եղել եմ ՀՀՇ երիտասարդական միության նախագահ, ՀՀՇ վարչության անդամ, բնականաբար, իմ ցանկացած քայլ քաղաքական է, պահի տակ կամ պարզապես քմահաճույքից ելնելով որոշումներ չեմ ընդունել», - ասաց Կարապետյանը` ավելացնելով, որ խնդիրը ՀՀՇ-ի քաղաքական գիծը չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG