Մատչելիության հղումներ

Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի համար պրոտոնային արագացուցիչ ձեռք կբերվի


Այսօր Հայաստանի կառավարության եւ «Այ Բի Էյ մոլեկուլյար» ընկերության միջեւ ստորագրվել է պայմանագիր Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի պրոտոնային արագացուցչի ձեռք բերման վերաբերյալ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ պայմանագիրն ստորագրել են Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ «Այ Բի Էյ մոլեկուլյար» ընկերության մարքեթինգի եւ վաճառքի տնօրեն Փիթեր Լեիթները:

Ստորագրվել է նաեւ վարկային համաձայնագիր Հայաստանի կառավարության եւ «Քեյ Բի Սի Են Վի» բելգիական բանկի միջեւ: Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի եւ «Քեյ Բի Սի Են Վի» բանկի առեւտրային վարկավորման հարցերով ավագ ղեկավար Գիրթ Ութերսի ստորագրած փաստաթղթով Հայաստանի կառավարությանը կտրամադրվի 5 միլիոն 80 հազար 629.52 եվրո արտոնյալ վարկ պրոտոնային արագացուցչի ձեռք բերման համար:

«Վարկը տրվել է 11 տարի ժամկետով, 3 տարին` արտոնյալ ժամանակով` 0 տոկոս տոկոսադրույքով: 18 ամսից կամ մոտ 2 տարուց ուռուցաքաբանության գերազանցության կենտրոնը կկարողանա սպասարկել», - ստորագրման արարողությանը հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Ներսես Երիցյանը:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, փաստաթղթերի ստորագրմամբ մեկնարկելու է Ուռուցաքաբանության գերազանցության հայկական կենտրոնի աշխատանքների առաջին փուլը` Հայաստանում ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի հիմնումը:

Ծրագրով նախատեսվում է Երեւանում հիմնել ռադիոիզոտոպների արտադրության համալիրից, պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆներով համալրված ախտորոշիչ կենտրոնից եւ ուռուցքաբանական կլինիկայից բաղկացած ուռուցաքաբանության գերազանցության կենտրոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG