Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը Փաշինյանի վերաբերյալ պարզաբանում է խնդրում ԱՆ քրեակատարողական վարչության պետից


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակով դիմել է Հայաստանի արդարադատության նախարարություն քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանին` խնդրելով պարզաբանումներ տալ նոյեմբերի 14-ին «Հայկական ժամանակի» կալանավորված խմբագիր Նիկոլ Փաշինյանին պատժախուց տեղափոխելու վերաբերյալ:

Պաշտոնական հաղորդագրության տեսքով այսօր տարածված իր նամակում Օմբուդսմենը, մասնավորապես, փաստում է, որ լրատվամիջոցներով հայտնվել է, այն մասին, որ նոյեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու նպատակով վերջինիս տեղափոխել են պատժախուց` առանց դատապարտյալների համար նախատեսված իրավունքների սահմանափակման: Այնուհետեւ` նշվածի վերաբերյալ Փաշինյանը եւ իր փաստաբան Վահե Գրիգորյանը հայտարարություն են տարածել առ այն, որ տեղափոխումը կատարվել է առանց կալանավորված խմբագրի համաձայնության:

«Նշվածի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակցի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ պետ Լ. Բաղդասարյանը հայտնել է, որ իրենք օպերատիվ տեղեկություն են ունեցել այն մասին, որ Ն. Փաշինյանին կարող է վտանգ սպառնալ, ինչի վերաբերյալ հայտնվել է Ն. Փաշինյանին, եւ վերջինս բանավոր կերպով խնդրել է իրեն տեղափոխել պատժախուց», - գրել է Արմեն Հարությունյանը` հավելելով. - «Խնդրում եմ տալ Ձեր պարզաբանումները նշված իրարամերժ տեղեկությունների, ինչպես նաեւ Ն. Փաշինյանին ս.թ. նոյեմբերի 14-ին պատժախուց տեղափոխելու իրավական հիմնավորվածության վերաբերյալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG