Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը նամակ է հղել Բան Կի-մունին


ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Նազարյանը իր հավատարմագրերն է հանձնում կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունին, Նյու Յորք, 10-ը սեպտեմբերի, 2009թ.

ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Նազարյանը իր հավատարմագրերն է հանձնում կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունին, Նյու Յորք, 10-ը սեպտեմբերի, 2009թ.

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը նամակ է հղել կառույցի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին, որտեղ մեղադրել է Ադրբեջանի իշխանություններին պատմական փաստերը աղավաղելու, բանակցային գործընթացը խոչընդոտելու եւ ռազմական գործողություններ հրահրելու մեջ։

«Իր ագրեսիվ դիրքորոշումը արդարացնելու համար Ադրբեջանը թշնամություն, ռասայական ատելություն եւ նախապաշարումներ է սերմանում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ», - գրել է ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչն ու հավելել, որ թշնամալից հայտարարությունները ուղեկցվում են հայկական մշակութային ժառանգության ոչնչացմամբ։

«Ցավոք, չնայած Հայաստանի բազմաթիվ հորդորներին, ՄԱԿ-ի կառույցները, մասնավորապես` ՅՈւՆԵՍԿՕ-ն, որեւէ ուշադրություն չեն դարձնում վանդալիզմի այդ փաստերին», - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին գրել է Կարեն Նազարյանը։

Նա նաեւ ընդգծել է, թե Ադրբեջանն իր քաղաքականությամբ խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված նորմերը, խոչընդոտում է տարածաշրջանային համագործակցությանը եւ դրանով իսկ սպառնալիք ստեղծում միջազգային անվտանգության ու խաղաղության համար։

«Առաջին իսկ օրվանից Ադրբեջանը որդեգրել է Ղարաբաղյան խնդիրը ուժային միջոցներով լուծելու քաղաքականություն», - գրել է Հայաստանի ներկայացուցիչը եւ ընդգծել. - «Շարունակելով այդ քաղաքականությունը` Ադրբեջանը հաշվի չի առնում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ-ի անդամ երկրների, Մինսկի խմբում համանախագահող պետությունների եւ այլ կառույցների հորդորները` հրադադարի ռեժիմը ամրապնդելու ուղղությամբ, միջադեպեր է հրահրում շփման գծում եւ փորձում է խոչընդոտել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում իրականացվող բանակցային գործընթացին»։

«Եթե Ադրբեջանը իսկապես շահագրգռված է Ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ, ապա պետք է իր էներգիան եւ միջոցները ուղղի բանակցային գործընթացում իրական, ոչ թե ձեւական դեր ստանձնելուն», - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին գրել է կառույցում Հայաստանի ներկայացուցիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG