Մատչելիության հղումներ

Մարդկային զարգացման ցուցանիշով Հայաստանը գտնվում է «բարձր մարդկային զարգացում» ունեցող երկրների խմբում` 169 երկրների մեջ զբաղեցնելով 76-րդ հորիզոնականը: Այս տարի Հայաստանի մարդկային զարգացման համաթիվը (ՄԶՀ) 0.695 է:

Այս մասին երեքշաբթի օրը հայտարարեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Դիրք Բոբերգը` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ներկայացնելով 2010 թվականի Մարդկային զարգացման զեկույցի 20-րդ հոբելյանական հրատարակությունը:

ՄԶՀ-ով Ռուսաստանը 65-րդ տեղում է, մինչդեռ Հայաստանի հարեւան Ադրբեջանը, Իրանը եւ Վրաստանը գտնվում են համապատասխանաբար 67-րդ, 70-րդ եւ 74-րդ տեղերում: Թուրքիան զբաղեցնում է 83-րդ տեղը:

Այս զեկույցի գլխավոր նպատակը մարդկային զարգացման հիմնական գործակիցների` կյանքի ակնկալվող տեւողության, կրթության ընդգրկվածության, գրագիտության եւ եկամուտների միտումների հետադարձ համակարգային գնահատումն է վերջին 40 տարիների կտրվածքով:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի փորձագետ Աղասի Թադեւոսյանն ասաց, որ կյանքի ակնկալվող տեւողության ցուցանիշով Հայաստանը գերազանցում է Հարավային Կովկասի մյուս երկրներին:

«Կյանքի միջին տեւողությունը 74.2 տարի է, որը, եթե համեմատում ենք աշխարհի ներկայիս միջին ցուցանիշի հետ, ապա միջինից մի փոքր ավելի է», - ասաց Թադեւոսյանը:

Կրթության ընդգրկվածության ցուցանիշով Հայաստանը մոտ է Վրաստանին եւ Ադրբեջանին, սակայն զգալիորեն առաջ է Իրանից եւ Թուրքիայից: Հայաստանը հետ է մնում հարևաններից, բացի Վրաստանից, իր քաղաքացիների բարեկեցության ցուցանիշով: Եթե մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանում ու Վրաստանում համապատասխանաբար կազմում է 5495 եւ 4902 դոլար, ապա Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում` համապատասխանաբար 8747, 11764 եւ 13359 դոլար:

Փորձագետ Աղասի Թադեւոսյանի խոսքով` Հայաստանում մարդն ունի ոչ թե հնարավորությունների, ունակությունների զարգացման խնդիր, այլ դրանց դրսեւորման եւ ներդրման խնդիր:

Զարգացող եւ զարգացած երկրների այս ուսումնասիրությունը բեկումնային առաջընթաց է արձանագրում աշխարհի 135 զարգացող եւ զարգացած երկրներում: 1970 թվականից ի վեր կյանքի միջին տեւողությունը, ըստ զեկույցի, 59-ից աճել է մինչև 70 տարի, կրթության ընդգրկվածությունն աճել է 55-ից մինչև 70 տոկոս եւ մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը կրկնապատկվել է` հասնելով ավելի քան 10 հազար դոլարի:

2010 թվականի ՄԶՀ հինգ առաջատար երկրներն են Նորվեգիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ը եւ Իռլանդիան: Այս տարվա զեկույցում 169 երկրների վարկանիշային սանդղակի ամենացածր հորիզոնականներում են Մոզամբիկը, Բուրունդին, Նիգերը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը եւ Զիմբաբվեն:
XS
SM
MD
LG