Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան հրետակոծել է Հարավային Կորեայի տարածքը


Հարավկորեական Յոնգպյանգ կղզուց ծուխ է բարձրանում հրետակոծությունից հետո, 23-ը նոյեմբերի, 2010թ.
Հարավկորեական Յոնգպյանգ կղզուց ծուխ է բարձրանում հրետակոծությունից հետո, 23-ը նոյեմբերի, 2010թ.

Կորեական թերակղզում վերստին լարված կացություն է. Հյուսիսային Կորեան հրետակոծել է Հարավային Կորեայի տարածքը, կան զոհեր։

Հյուսիսային Կորեան հրետակոծել է երկու երկրների ծովային վիճարկվող սահմանի մոտակայքում գտնվող` Հարավային Կորեային պատկանող Յոնգպյանգ փոքրիկ կղզին, որտեղ բնակվում է մոտ 1300 մարդ: Զոհվել է առնվազն 2 հարավկորեացի զինծառայող, 13-ը վիրավորվել է։

Հարավային Կորեայի նախագահ Լի Մյոնգ Բակը կառավարության արտակարգ նիստ է անցկացրել պատերազմի ժամանակաշրջանի համար նախատեսված հատուկ ստորգետնյա բունկերում։

Հարավային Կորեայի զինված ուժերի ներկայացուցիչը մամուլին հաղորդել է, որ, ինչպես պատերազմական գործողություններ վարելու միջազգային օրենքն է պահանջում, հարավկորեացիները հակառակորդի արձակած առաջին արկերին պատասխանել են օդ արձակած նախազգուշական կրակով, ապա համոզվելով, որ հյուսիսկորեացիները շարունակում են հրետակոծությունը, ստիպված պատասխան համազարկեր են արձակել։

Ըստ հաղորդագրությունների` գրոհի հետեւանքով ավերվել եւ հրդեհվել է շուրջ յոթ տասնյակ շենք։ Հյուսիսկորեացիները մոտ մեկ ժամվա ընթացքում շուրջ 200 արկ են արձակել կղզու ուղղությամբ։ Դրանց մեծ մասը պայթել են կղզում հարավկորեացիների տեղակայած ռազմակայանի տարածքում։

«Դա միտումնավոր եւ ծրագրված հարձակում է», - ասել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության խոսնակ Լի Հոնգ Կին։

Հարավային Կորեայի օդուժի F-16 մարտական ինքնաթիռներն անմիջապես սկսել են պարեկություն անել օդային տարածքում։

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունը հայտարարել է, թե Հարավային Կորեան է նախահարձակ եղել։

Այս օրերին Հարավային Կորեան ծովային զորավարժություններ է անցկացնում։ Երկուշաբթի օրը Հյուսիսային Կորեան պահանջել է դադարեցնել դրանք, սակայն Հարավային Կորեան մերժել է պահանջը։

Զորավարժությունների ընթացքում հարավկորեացիները արկեր են արձակել հարավային ուղղությամբ` այդպես վկայելով, որ հյուսիսային հարեւանի նկատմամբ թշնամաբար չեն տրամադրված։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ռուսաստանը եւ այլ երկրներ մտահոգություն են հայտնել։

«Հարկ է դատապարտել տեղի ունեցածը, նրանք, ովքեր դա նախաձեռնել են, իրենց վրա հսկայական պատասխանատվություն են վերցնում, պետք է անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները»,- ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Ճապոնիայի վարչապետ Նաոտոե Կանը ասել է, որ երկրի զինված ուժերին կարգադրել է պատրաստ լինել ցանկացած զարգացումների։

Եվրամիության պետական այրերից Կորեական թերակղզու զարգացումների մասին խոսել է Գերմանիայի արտգործնախարար Գուիդո Ոեստերվելլեն։

«Ես չափազանց մտահոգված եմ, բռնություն կիրառելու հանգամանքը վախ է առաջացնում Եվրոպայում, մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսեւորել»,- ասել է արտգործնախարարը։

Չինաստանի արտաքին գործոց նախարարության խոսնակ Հոնգ Լեյն ասել է, որ անհրաժեշտ է ամեն բան անել թերակղզում խաղաղություն հաստատելու համար եւ վերսկսել Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի շուրջ բանակցությունները, սակայն Հյուսիսային Կորեայի գծով ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Սթիվեն Բոսվորտը ասել է, որ ոչ մի բանակցություն չի լինի, քանի դեռ Փհենյանը շարունակում է զարգացնել միջուկային զենքի ծրագիրը։

«Մենք դա մեծագույն լրջությամբ ենք գնահատում, չենք համարում ճգնաժամ, բայց դա` լուրջ զարգացում է։ Մենք գտնում ենք, որ Հյուսիսային Կորեան (միջուկային ծրագրի հարցում) խախտում է միջազգային մի շարք օրենքներ»,- ասել է բանագնացը։

Սպիտակ տունը դատապարտել է Հյուսիսային Կորեայի նախաձեռնած հրեկակոծությունը եւ հայտատարել է, որ «առանց վարանելու պաշտպանելու է Հարավային Կորեան»։

NBC հեռուստակայանի փոխանցմամբ, Հարավային Կորեայում տեղակայված է մոտ 29 հազար ամերիկացի զինծառայող։

Դեղին ծովում հաճախ են տեղի ունենում նմանօրինակ միջադեպեր։ Այս տարվա մարտին կործանվել է «Չեոան» հարավկորեական ռազմանավը, զոհվել են 46 նավաստիներ: Պաշտոնական Սեուլը պնդում է, որ սուզանավը տորպեդահարվել է հյուսիսկորեացիների կողմից, սակայն Հյուսիսային Կորեան հերքում է մեղադրանքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG