Մատչելիության հղումներ

Facebook սոցիալական ցանցի օգտագործողների թիվը Հայաստանում անցնում է 100 հազարից


Նոր օգտագործողների գրանցումները Facebook սոցիալական ցանցում անցած 7 օրերի ընթացքում ըստ Facebakers.com-ի
Նոր օգտագործողների գրանցումները Facebook սոցիալական ցանցում անցած 7 օրերի ընթացքում ըստ Facebakers.com-ի
Հայաստանում Facebook սոցիալական ցանցից օգտվողների թիվը անցած 6 ամիսների ընթացքում կրկնապատկվել է՝ անցնելով 100 հազարից։

2004 թվականին ԱՄՆ-ում ստեղծված այս խոշորագույն ցանցային ծառայությունը, որն ամբողջ աշխարհում ունի ավելի քան 500 միլիոն գրանցված օգտագործող, հնարավորություն է տալիս ստեղծել անձնական էջ, կապեր հաստատել ընկերների հետ եւ փոխանակել հաղորդագրություններ, լուսանկարներ, տեսանյութեր, ինչպես նաեւ միավորվել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ ստեղծված խմբերում։

Այս տարի Facebook սոցիալական ցանցը Հայաստանում մի քանի անգամ հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, քանի որ հիմնականում այս ցանցով են շրջանառվել վերջին շրջանում բավական աղմուկ հանած տեսագրությունները` բանակում զինծառայողների ոչ կանոնակարգային հարաբերությունների, ինչպես նաեւ դպրոցներում ուսուցիչների կողմից աշակերտների դեմ բռնություններ գործադրելու վերաբերյալ։

Հայաստանում Facebook ցանցը օգտագործվում է ինչպես քաղաքական, այնպես էլ սոցիալական եւ քաղաքացիական բնույթի հայտարարությունների տարածման համար։

Մասնավորապես, այս տարվա հուլիսին ՀՀՇ-ից հեռանալու մասին իր հայտարարությունը քաղաքական գործիչ Կարապետ Ռուբինյանը տարածել էր հենց Facebook ցանցով։

Բավական աղմուկ հանած «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պահպանության քաղաքացիական նախաձեռնությունը», «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» եւ «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունները, ի թիվս այլ միջոցների, նաեւ այս ցանցով էին համակարգում իրենց գործողությունները եւ ստորագրահավաքներ կազմակերպում, այսպիսով դառնալով քաղաքացիական ակտիվության կարեւոր ինտերնետային գործիք։

Չնայած այս ամենին, օգտագործողների քանակով Facebook սոցիալական ցանցը Հայաստանում առաջատարը չէ։

Հայկական ամենախոշոր սոցիալական կայքերից մեկը՝ Hayland.am-ը, դեռ այս տարվա հուլիսին էր հայտարարել 100-հազարերորդ օգտագործողի գրանցման մասին։ Իսկ օգտվողների թվով անվիճելի առաջատարը շարունակում է մնալ ռուսական Odnoklassniki.ru սոցիալական ցանցը, որի հայաստանյան ներկայացուցիչ «Այ Թի Ստուդիո» ընկերությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ միայն անցած ամսվա ընթացքում Հայաստանից այս կայք մուտք գործած օգտագործողների թիվը անցել է 900 հազարից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG