Մատչելիության հղումներ

Արտավազցիները պահանջում են վերանայել իրենց հողերը հանրային գերակա շահ ճանաչելու որոշումը


Երկուշաբթի օրը կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացրեցին Կոտայքի մարզի Արտավազ գյուղի մի խումբ բնակիչներ:

Կառավարության փետրվարի 25-ի որոշմամբ Կոտայքի մարզի Արտավազ գյուղի 130 բնակչի սեփականություն հանդիսացող 85 հեկտար գյուղատնտեսական նշանակության տարածքները ճանաչվել էին հանրային գերակա շահ եւ փոխանցվել «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ընկերությանը` քաղցրահամ եւ հանքային ջրերի արդյունահանման ու շշալցման գործարան կառուցելու նպատակով:

Հողատարածքներն ազատելու դիմաց գյուղացիներին փոխհատուցում է առաջարկվել, սակայն վերջիններս պնդում են, որ այն չի համապատասխանում իրենց տարածքների իրական արժեքին եւ առնվազն 10 անգամ պակաս է հողի շուկայական գնից:

«Դուք դեռ հնարավորություն ունեք վերջ դնելու անօրինությանը», - վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված նամակում այսօր հույս էին հայտնում կառավարության շենքի մոտ հավաքված մի խումբ գյուղացիները, ովքեր բողոքի ակցիա էին կազմակերպել` պահանջելով վերանայել իրենց հողերը հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշումը:

Ակցիայի մասնակից, Արտավազի բնակիչ Արթուր Առուստամյանը, ով հրաժարվել է պետության կողմից տրվող փոխհատուցումից, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց, որ 1,6 հեկտար հողամասի դիմաց իրեն առաջարկել են 1 միլիոն 200 հազար դրամ:

«Այսպես ասեմ` հողը իրենք վերցրել են արդեն, բայց ես տվել եմ դատարան: Սեփականությունս [իրենց] տամ, բա ես ինչո՞վ ապրեմ: Ես այդտեղ ե՛ւ կարտոֆիլ էի ցանում, ե՛ւ խոտ էի քաղում` իմ անասունն էի պահում: Ընտանիքի գոյությունը պահում էի: Մենք չենք ուզում վաճառենք, մենք մեր հողերն ենք ուզում», - ասաց Առուստամյանը:

Մյուս ցուցարարները, ովքեր նույնպես հրաժարվել էին իրենց հողերի դիմաց առաջարկվող փոխհատուցումից, համանման փաստարկներ էին բերում:

Ցուցարարները պնդում էին, որ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ընկերության թիկունքում Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանի եղբայրն է` Գագիկ Աբրահամյանը եւ նրա գործընկերը` Արաբական Միացյալ էմիրություններից մի շեյխ:

Գերակա շահ ճանաչված հողամասերի մեջ է հայտնվել նաեւ 2008 թվականի հետընտրական զարգացումների առնչությամբ կալանավորված նախկին պատգամավոր, Ղարաբաղյան պատերազմի մասնակից Սասուն Միքայելյանին պատկանող 1.5 հեկտար տարածքը, որը Միքայելյանին էր տրամադրվել մի քանի տարի առաջ` փոքր հիդրոէլեկտրակայան կառուցելու համար:

Վարչապետին հղած` արտավազցիների նամակում այս առիթով ասված է. - «Սասուն Միքայելյանն իր «Սասուն» ջոկատով հողեր է ազատագրել թշնամուց, իսկ այսօր դուք թույլ եք տալիս, որ մեծահարուստները, որոնք անհայտ է, թե ինչով են զբաղված եղել Արցախյան հերոսամարտի տարիներին, հող խլեն ազատամարտիկից»:

Նախկին պատգամավոր Սասուն Միքայլեյանը մոտ երեք տասնյակ այլ հողատերերի հետ դատական կարգով բողոքարկել է կառավարության որոշումը: Ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր հողատերերի հայցը, գործն այժմ գտնվում է վերաքննիչ դատարանում:

Վիճելի հողատարածքի հարեւանությամբ չգործող հանքային ջրերի գործարան կա, այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Սասուն Միքայելյանի ներկայացուցիչը` Հակոբ Ավագումյանը, ով ցուցարարների հետ մասնակցում էր կառավարության շենքի դիմաց անցկացվող ակցիային:

«Թող դա վերագործարկեին, ոչ թե գյուղացիների ունեցվածքը վերցնեին», - ասաց Ավագումյանը:

«Այդ գործարանը չի համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին», - ի պատասխան` «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» սահմանափակ պատասխանատվության սեփականատեր, գործարար Գագիկ Աբրահամյանը: Ինչ վերաբերում է հողի դիմաց առաջարկված փոխհատուցմանը` Աբրահամյանն ասաց` «գինն անկախ գնահատողն է որոշել»:

Իսկ այսօրվա բողոքի ակցիայի մասնակիցները խոստացան հավաքվել կառավարության շենքի մոտ 1 շաբաթ անց` հուսալով, որ այդ ժամանակահատվածը կբավարարի կառավարության որոշումը վերանայելու եւ իրենց սեփականությունը վերադարձնելու համար:
XS
SM
MD
LG