Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ը շարունակում է աջակցել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը


Բարաք Օբաման ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթնաժողովում, 19-ը նոյեմբերի, 2010թ.

Բարաք Օբաման ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթնաժողովում, 19-ը նոյեմբերի, 2010թ.

Պաշտոնական Վաշինգտոնը շարունակում է լրջորեն աջակցել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացին. այդ մասին իտալական La Repubblica թերթի հետ զրույցում ասել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման։

«Եվրոպան, անշուշտ, կշահի ազգությունների, սովորույթների ու կրոնի բազմազանությունից, եւ այդ առումով Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը միայն կընդարձակի եւ կամրապնդի Եվրոպայի հիմքերը», - ասել է Միացյալ Նահանգների առաջնորդը։

Ընդգծելով, որ սա մի հարց է, որի շուրջ վերջնական որոշումը պետք է, այդուամենայնիվ, պաշտոնական Բրյուսելը կայացնի, Օբաման ասել է. - «Միացյալ Նահանգները շարունակում է լրջորեն աջակցել այս գործընթացին։ Եվ ինչպես ես նշեցի անցած ապրիլին Անկարա կատարած իմ այցի ընթացքում, Թուրքիան կապված է Եվրոպային ոչ միայն Բոսֆորի նեղուցով, այլեւ բազմադարյա ընդհանուր պատմությամբ, մշակույթով ու առեւտրային կապերով»։

«Անհրաժեշտ է արագացնել Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները», - ասել է Միացյալ Նահանգների նախագահը` կոչ անելով կողմերին կրկնապատկել ջանքերը առաջ շարժվելու ուղղությամբ։

Թուրքական լրատվամիջոցները փաստում են, որ պաշտոնական Վաշինգտոնի հերթական արձագանքը այս խնդրին հնչում է հատկապես այն ժամանակ, երբ մի շարք եվրոպական երկրներում գլուխ են բարձրացնում աջակողմյան ուժերը` մտահոգություններ առաջ բերելով ներգաղթյալների ճակատագրի եւ Եվրամիությանը Թուրքիայի հնարավոր անդամակցության շուրջ։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG