Մատչելիության հղումներ

Նուբարաշենի հատուկ դպրոցի նախկին տնօրենը փորձում է վերականգնել իր աշխատանքը


Դպրոցի նախկին տնօրենը դիմել է դատարան
please wait

No media source currently available

0:00 0:02:47 0:00
Երկուշաբթի օրը վարչական դատարանը սկսեց քննել Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին տնօրեն Մերուժան Ենգիբարյանի հայցը` վերջինիս աշխատանքից ազատելու մասին Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանը անվավեր ճանաչելու վերաբերյալ:

Հայցվոր կողմը պահանջում է անվավեր ճանաչել նախարարի այս տարվա մայիսի 31-ին ստորագրած հրամանը եւ վերականգնել Ենգիբարյանին նախկին պաշտոնում: Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի տնօրենը ԿԳ նախարարի հրամանով աշխատանքից ազատվեց այն բանից հետո, երբ դատարանում ապացուցվեց, որ նույն դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանը «անառակաբարո գործողություններ» է կատարել դպրոցի սաների նկատմամբ եւ դատապարտվեց 2 տարի ազատազրկման: Այնուհետեւ ՀՀ Վերաքննիչ դատարանը եւս 1 տարով խստացրեց նրա պատժաչափը:

Ենգիբարյանի շահերը դատարանում ներկայացնող Մելսիկ Մանուկյանը այսօր դատարանում պնդեց, որ նախարարի հրամանը «արձակվել է օրենքի պահանջներին չհամապատասխանելու հիմքով»:

«Մենք գտնում ենք, որ չի կարող մի օրվա ընթացքում լինել զեկուցագիր, չնայած տնօրենը մոտ 15 տարի աշխատել է անբասիր, նախկին նախարարի հրամանով ոսկե մեդալով է պարգեւատրվել ու այսօր, փաստորեն, ոչնչի դեմ կանգ չառնելով, մարդուն ազատել են աշխատանքից», - հայտարարեց պաշտպանը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք դպրոցի նախկին տնօրենը պատասխանատվություն չի կրում իր պաշտոնավարման օրոք տարիներ շարունակ նույն դպրոցի ուսուցիչ Լեւոն Ավագյանի գործողությունները չվերահսկելու եւ չկանխելու համար` տնօրենի շահերի պաշտպանն ասաց. - «Այդ քրեական գործի հետ կապված ինքը որեւէ առնչություններ չունի»:

ԿԳ նախարարությանը` ի դեմս նախարարության իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Լիլիթ Վարդանյանի,առարկում է հայցվոր կողմին. - «Դուք փաստացի չեք տիրապետել իրավիճակին եւ չեք կարողացել որպես ղեկավար հանդես գալ, որպեսզի այդպիսի բաներ չլինեին»:

Վարդանյանը հավաստիացրեց, թե նախարարի հրամանի հիմքերը բավարար են եւ իրենք իրենց դիրքորոշումը պնդելու են մինչեւ վերջ:

Մինչդեռ դպրոցում տեղի ունեցող արատավոր երեւույթների մասին առաջինը բարձրաձայնած Մարիամ Սուխուդյանը մտավախություն է հայտնում, թե Ենգիբարյանը կարող է վերադառնալ իր պաշտոնին:

«Հավաստի աղբյուրներից լսել եմ, որ, այո, նա վերադառնալու է: Նա այն օրվանից, որ Աշոտյանը իրեն հեռացրել է, չի հեռանում դպրոցից, մտնում է տնօրենի սենյակ, ասում է` ես դուրս չեմ գալու այստեղից, ինձ դասաժամ տվեք: Իմ միակ հույսը ոչ թե դատական, իրավապահ մարմինների վրա է, այլ նորից քաղաքացիների վրա», - ասաց Սուխուդյանը:

Դատական նիստին ներկա, Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը անթույլատրելի է համարում Մերուժան Ենգիբարյանի վերադարձը իր պաշտոնին եւ, վկայակոչելով դպրոցի տնօրեն լինելու սեփական փորձը, պնդում, որ Ենգիբարյանը պարտավոր էր քայլեր ձեռնարկել կատարվածը կանխելու համար:

«Եթե մասնակից չես այդ ամեն ինչին, ուրեմն դու տեղյակ ես, ավելին` որպես տնօրեն պարտավոր ես կանխել կամ պատժել: Եթե դա չի արվել տարիներ շարունակ եւ այդ երեւույթները կրկնվել են, մնում է մտածել, որ մասնակից է», -ասաց պատգամավորը:

Նախագահող դատավոր Միրզոյանը նիստը հետաձգեց` պատասխանող կողմին ժամանակ տալով ԿԳ նախարարի հրամանի արձակման հիմք հանդիսացած նյութերը դատարանին ներկայացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG