Մատչելիության հղումներ

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Սիրիա


Այսօր երեկոյան եռօրյա պաշտոնական այցով Սիրիայի կմեկնի Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` պատվիրակության կազմում են Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, խորհրդարանական մշտական հանձնաժողովների ղեկավարներ, պատգամավորներ, պաշտոնյաներ:

Դամասկոսում նախատեսված են հանդիպումներ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի, Ժողովրդական ժողովի նախագահ Մահմուդ ալ-Աբրաշի, վարչապետ Նաջի Օտրիի հետ: Հովիկ Աբրահամյանը ելույթ կունենա Սիրիայի Ժողովրդական ժողովի նստաշրջանում: Տեղի կունենա Հայաստանի եւ Սիրիայի պատվիրակությունների ընդլայնված նիստ, երկու երկրների խորհրդարանների նախագահները կստորագրեն փոխըմբռնման հուշագիր: Պատվիրակությունը կայցելի նաեւ Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդարան:

Հալեպում Հովիկ Աբրահամյանը կհանդիպի Հալեպի նահանգապետ Ալի Ահմադ Մանսուրայի, Սիրիայի գլխավոր Մուֆթի Բադր ադ-Դին Հասսունի հետ եւ կմասնակցի հայկական արտադրության ապրանքների ցուցահանդեսին: Պատվիրակությունը կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Դեյր Զորում Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի նահանգապետ Հուսեյն Առնուսի եւ նահանգային իշխանության անդամների հետ: Հայաստանցի խորհրդարանականները կայցելեն Ս. Նահատակաց եկեղեցի, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Նախատեսված է նաեւ հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG