Մատչելիության հղումներ

Սեմնեբի. «Ղարաբաղյան կարգավորման դժվարին փուլը անցել է»


Փիթեր Սեմնեբի, արխիվային լուսանկար
Փիթեր Սեմնեբի, արխիվային լուսանկար
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման դժվարին փուլը անցել է», - Բաքվում ադրբեջանական «Թրենդ» գործակալության հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին։

«Կարգավորման գործընթացում նկատվող որոշակի արագացումը, այդ թվում` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումները հիմք են տալիս ակնկալելու, որ ղարաբաղյան գործընթացի բարդ շրջանը մնացել է ետեում», - ասել է տարածաշրջանում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը։

Վերջինիս խոսքով, բանակցային գործընթացում այժմ առկա է որոշակի առաջընթաց, չնայած այն հանգամանքին, որ անցնող 2010 թվականի ընթացքում գործընթացը աչքի է ընկել որոշակի բարդություններով, մասնավորապես, կողմերի միջեւ հանդիպումների հաճախականությունը նվազել է, շփման գծում արձանագրվել են արյունալի միջադեպեր։

«Կարգավորման գործընթացում որոշակի առաջընթացի փաստն ակնհայտ է: Դա արդեն ազդակ է, որը մենք ողջունում ենք», - ասել է Սեմնեբին` չմասնավորեցնելով, թե ինչ նկատի ունի «առաջընթաց» ասելով:

Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը կարճատեւ այցով Բաքու էր ժամանել հատկապես կալանավայրից ազատ արձակված երկու ընդդիմադիր բլոգերներին` Էմին Միլիին եւ Ադնան Հաջիզադեին հանդիպելու նպատակով։

«Շատ ուրախ եմ, որ Ադրբեջանի դատական համակարգը թույլ տվեց վաղաժամ ազատ արձակել երկու երիտասարդներին։ Նրանց ազատազրկումը շատ էր մտահոգում մեզ, եւ այժմ Եվրամիությունը, ինչպես եւ Ադրբեջանի մյուս գործընկերները, ողջունում է այդ քայլը», - «Թրենդ»-ին ասել է Փիթեր Սեմնեբին։

Ավելի վաղ ընդդիմադիր բլոգերների վաղաժամ ազատ արձակման փաստը ողջունել են Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտն ու Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին էշթոնը` ընդգծելով, որ թե' Միացյալ Նահանգները, թե' Եվրամիությունը պատրաստ են շարունակել աջակցությունը Ադրբեջանին ժողովրդավարության զարգացման եւ անհրաժեշտ բարեփոխումների իրագործման ճանապարհին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG