Մատչելիության հղումներ

Հայաստանցի մի խումբ երիտասարդ կանայք` ներկա եւ ապագա մայրեր, դիմում են ՀՀ նախագահին` խնդրելով պահպանել իրենց իրավունքներն ու չվավերացնել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի նախագիծը:

Նախաձեռնող խմբի անդամները խումբ են ստեղծել Facebook սոցիալական ցանցում, որին մի քանի օրերի ընթացքում անդամակցել են ավելի քան 800 համախոհ երիտասարդներ` այդ թվում եւ տղամարդիկ: Միեւնույն բովանդակությամբ նամակ-դիմումը նրանցից յուրաքանչյուրը նախագահին է ուղղում պաշտոնական կայքէջի միջոցով:

«Կանանց այն մասը, որոնք իրենց ժամանակի եւ առողջության հաշվին ջանքեր են գործադրել կրթություն ստանալ, մասնագիտանալ եւ աճել, դա արել են իրենց եւ իրենց ընտանիքների բարեկեցության համար եւ ներկայումս արդար չեն համարում իրենց եւ իրենց երեխաներին հասանելիք նպաստների նմանատիպ սահմանափակումը», - ասված նամակում` հղում անելով ՀՀ սահմանադրությամբ ամրագրված մի քանի իրավունքներին, որոնք, ըստ խմբի անդամների, կխախտվեն նշված օրինագծի հաստատման դեպքում:

Օրենքի փոփոխությամբ անհանգստացած կանայք բացատրում են, որ «եթե մինչեւ հիմա հղիության եւ հետծննդյան նպաստը սահմանվում էր կնոջ փաստացի աշխատավարձի չափով `140 օր հաշվարկված վերջին երեք ամիսներին ստացված աշխատավարձի միջինով, ապա այս օրինագիծը առաջարկում է սահմանափակել այդ նպաստը առավելագույնս 150.000 ՀՀ դրամի չափով»: Ներկա եւ ապագա մայրերի համոզմամբ` այս փոփոխությունը կարող է հանգեցնել այնպիսի արատավոր երեւույթների, ինչպիսիք են ծնելիության անկումը, աշխատավարձերի ստվերայնության ավելացումը, երիտասարդ ներուժի արտագաղթը եւ այլն:

Օրենսդրական փոփոխությունների այս փաթեթն առաջ է քաշվել ՀՀ կառավարության կողմից, իսկ Ազգային ժողովն այն երրորդ ընթերցմամբ ընդունեց հոկտեմբերի վերջին քառօրյայում:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG