Մատչելիության հղումներ

Լրացավ պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի 45 տարին


Անցած շաբաթ Մոնտեվիդեոյում կայացել է Ուրուգվայի Գլխավոր ասամբլեայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին թիվ 13.226 օրենքի ընդունման 45-ամյակին նվիրված միջոցառում:

Ուրուգվայը առաջին պետությունն էր, որի խորհրդարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Ուրուգվայի խորհրդարանում նոյեմբերի 17-ին կայացած հանդիսավոր միջոցառումը կազմակերպել էին այդ երկրի օրենսդիր մարմինը եւ Մոնտեվիդեոյի Հայ դատի հանձնախումբը:

Միջոցառման ժամանակ իր ելույթում Ուրուգվայի փոխնախագահ, Գլխավոր ասամբլեայի նախագահ Դանիլո Աստորին, մասնավորապես, ասել է. - «Խորհրդարանի կողմից 1965 թվականին այդ օրենքի ընդունումը ապացուցեց մեր երկրի նվիրվածությունը ազատության, խաղաղության, արդարադատության եւ մարդու իրավունքների գաղափարներին: Ուրուգվայի ժողովուրդը այդ օրենքով իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին` իր իրավունքների վերականգման համար տարվող պայքարում»:

Ընթերցվել է Դանիլո Աստորիին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հղած ուղերձը, որտեղ, մասնավորապես, ասված էր. - «Ուրուգվայի խորհրդարանի կողմից ընդունված այս օրինագիծը, որի 45-ամյակը լրացավ այս տարի, նշանակալից է ոչ միայն Հայոց ցեղասպանությունը մոռացումից ու ժխտումից դուրս բերելու առումով, այլեւ մեծ խթան է այս խնդիրը միջազգային օրակարգում պահելու համար: Դուք սկիզբ եք դրել մի գործընթացի, որին ավելի ուշ միացան այլ երկրներ եւ խորհրդարաններ»:

Ելույթներով հանդես են եկել նաեւ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Իվոն Պասադան, Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը եւ Հայ դատի հանձնախմբի անդամ Արմեն Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG