Մատչելիության հղումներ

Զինծառայող Ռոբերտ Ավետիսյանի մահվան գործով երկու մարդ ձերբակալվել է


Պաշտպանության նախարարության քննչական վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ ժամկետային զինծառայող Ռոբերտ Ավետիսյանի մահվան գործով երկու մարդ ձերբակալվել է:

Ավետիսյանը հրազենային վիրավորումից մահացել է նոյեմբերի լույս 18-ի գիշերը` Գեղարքունիքի մարզի Ճամբարակի զորամասում: Փաստի կապակցությամբ ուրբաթ օրը հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասի հատկանիշներով («Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը»):

Ովքեր են ձերբակալվածները, նրանց մեղադրանքներ առաջադրվել են, թե ոչ` առայժմ չի հրապարակվում:

Զորամասի տարածքում հրազենային վնասվածք ստանալուց հետո Ռոբերտ Ավետիսյանի մահը վրա է հասել անմիջապես: Զինծառայողի մահվան վկայականում նշված է, որ նա ստացել է «կրծքավանդակի, որովայնի, պարանոցի, ձախ վերին ու ստորին վերջույթների համակցված հրազենային գնդակային միջանցիկ վնասվածքներ, ներքին արյունահոսություն, ներքին օրգանների վնասումներ»:

Կրտսեր սերժանտ Ռոբերտ Ավետիսյանը մեկ տարվա զինծառայող էր, դեկտեմբերին դառնալու էր 23 տարեկան:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG