Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ի հայաշատ Կալիֆորնիա նահանգում հարյուրավոր հայեր կանգնել են գործազրկության վտանգի առջեւ, երբ Սանտա Մոնիկա քաղաքի իշխանությունը որոշում է կայացրել տեղի տաքսի ծառայությունների թիվը սահմանափակելու մասին։

Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների խոսքով` երկու շաբաթ առաջ ընդունված այդ որոշմամբ քաղաքում տաքսի ծառայություն մատուցելու արտոնություն է ստացել ընդամենը 5 ընկերություն, 13-ի ներկայացրած հայտերը մերժվել են։ Ընդ որում, մերժվածների ցանկում են հայտնվել տեղի հայերի կողմից հիմնադրված բոլոր` թվով 5 ընկերությունները։ Որոշումը ուժի մեջ է մտնելու 2011 թվականի հունվարի 1-ից:

«Ակնկալվող աշխատատեղերի կրճատումը այս ոլորտում, որտեղ հայերը մեծամասնություն են կազմում, լուրջ վնաս կհասցնի համայնքին», - տեղի «Հորիզոն» հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Հայ երիտասարդաց դաշնակցության ներկայացուցիչ Սերուժ Աբրահամյանը:

Հայազգի վարորդները արդեն մի քանի անգամ բողոքի ցույց են կազմակերպել եւ պահանջել վերանայել որոշումը, որի արդյունքում շատերը կարող են կորցնել ընտանիքը պահելու միակ միջոցը։ Բողոքի ցույցերին միացել են նաեւ ամերիկահայ կազմակերպությունները, որոնց ներկայացուցիչների խոսքով` ընկերությունների արտոնագրման գործընթացը թափանցիկ չի եղել, եւ կասկածներ կան, որ հայկական ընկերությունները մերժվել են խտրական վերաբերմունքի արդյունքում։

«Մենք այժմ ուսումնասիրում ենք գործընթացը, եւ որքան շատ ենք տեղեկություններ ստանում, այնքան ավելի են խորանում մեր կասկածները», - տեղական լրատվամիջոցներին ասել է Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Նորա Հովսեփյանը:

Սանտա Մոնիկայի քաղաքային իշխանությունները, մինչդեռ, հերքում են հայերի նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին մեղադրանքները: Պաշտոնյաները հավաստիացնում են, թե ստիպված են եղել կրճատել ընկերությունների թիվը այս ոլորտում, նախ` քանի որ առաջարկը գերազանցում է պահանջարկը, ինչի արդյունքում տուժում է քաղաքի էկոլոգիական վիճակը, եւ բացի այդ` քաղաքապետարանը բազմաթիվ բողոքներ է ստացել բնակիչներից որոշ ընկերությունների սահմանած բարձր սակագների եւ մատուցած ցածրորակ ծառայությունների մասին։

Տեղում լույս տեսնող հայկական ու ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ` եթե Սանտա Մոնիկայի իշխանությունները չվերանայեն իրենց որոշումը մինչեւ տարեվերջ, 2011 թվականի հունվարից մշտական աշխատատեղ կարող է կորցնել հայկական համայնքի շուրջ 300 ներկայացուցիչ:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG