Մատչելիության հղումներ

Քաղաքական ուժերը մեկնաբանում են Լիսաբոն չմեկնելու՝ նախագահի որոշումը


Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը
Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը

Ընդդիմությունը հայկական դիվանագիտության «լուրջ ձախողում» է համարում ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթնաժողովի հռչակագրի նախագծում հարավկովկասյան հակամարտությունների լուծման վերաբերյալ ձեւակերպումը, որը հիմնվում է միայն տարածքային ամբողջականության սկզբունքի վրա։

Նախօրեին Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրության համաձայն, նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել չմասնակցել ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթնաժողովին` պատճառաբանելով, որ գագաթնաժողովի հռչակագրի նախագծում պահպանվել է հարավկովկասյան կոնֆլիկտների լուծման նախկին ընդհանրական ձեւակերպումը, «որում հղում է կատարվում ԵԱՀԿ կողմից հռչակված սկզբունքներից միայն մեկին»:

«Հայկական կողմը չի կարողացել պնդել, որ 3 սկզբունքները, մասնավորապես՝ ինքնորոշման սկզբունքը, ներառվի այս փաստաթղթում», - շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման գնահատական տվեց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը: - «Սա շատ լուրջ փոփոխություն է ՆԱՏՕ-ի վերաբերմունքում [ղարաբաղյան] հակամարտության վերաբերյալ, որովհետեւ ՆԱՏՕ-ն 10-ից ավելի տարի իր բոլոր հայտարարություններում հղում է է կատարում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի բոլոր հայտարարությունների, մոտեցումների վրա։ Այսօր ՆԱՏՕ-ն ունի իր մոտեցումը, եւ սա կարող է շատ լուրջ հետեւանքներ ունենալ նաեւ հակամարտության կարգավորման գործում»։

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյան
Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համանման կարծիք հայտնեց։

«Հայաստան-Թուրքիա արձանագրությունների համար մեր իշխանությունները ասում էին, որ առնվազն՝ սա մեզ տվեց վստահելի գործընկերոջ համբավ, բայց փաստն այն է, որ համբավը այնքան էլ մեծ չէ, որովհետեւ չեն լսում մեր տեսակետները։ Պարզ է, որ պետք էր ինչ-որ ռեակցիա ցույց տալ։ Մյուս կողմից էլ՝ դիվանագիտության մեջ նեղացածի կեցվածք ընդունել եւ մեկ կողմ քաշվելը միշտ չէ, որ արդյունավետ է», - նշեց Մանոյանը՝ կարծիք հայտնելով, որ տեղի ունեցածը կարող է ինչ-որ տեղ ազդեցություն ունենալ ղարաբաղյան բանակցային գործընթացի վրա, բայց դա այնքան էլ հավանական չէ։

Մինչդեռ, Վլադիմիր Կարապետյանի համոզմամբ` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հռչակագրում այդպիսի ձեւակերպման հայտնվելը չի կարող լուրջ ազդեցություն չունենալ ղարաբաղյան բանակցությունների վրա, եւ Ադրբեջանը, օգտագործելով Հյուսիս-ատլանտյան դաշինքի այս մոտեցումը, կկոշտացնի իր դիրքորոշումը։

Ազգային ժողովի պատգամավոր, իշխող Հանրապետական կուսակցության անդամ Գագիկ Մելիքյանը շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը Լիսաբոն չմեկնելու Հայաստանի նախագահի որոշումը Մելիքյանը բնութագրեց որպես «կոշտ, բայց կոռեկտ քայլ»:

«Սա Հանրապետության արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության պարտություն չեմ համարում, ընդհակառակը՝ ես սա համարում եմ դիվանագիտական հաղթանակի ճանապարհին եւս մեկ կարեւոր եւ դրական քայլ», - հայտարարեց Հանրապետական պատգամավորը՝ ընդգծելով, որ տվյալ ձեւակերպումը գագաթնաժողովի հռչակագրի նախագծում մտցվել է Վրաստան առաջարկությամբ։

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հռչակագրում նման ձեւակերպման առկայությունը նշանակում է, որ ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները հարավկովկասյան հակամարտությունների լուծումը տեսնում են միայն տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում, Գագիկ Մելիքյանն ասաց. - «Եթե ընդունենք, որ ՆԱՏՕ-ի անդամ 2 խոշոր տերությունները՝ Ֆրանսիան եւ Ամերիկան, նույն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի անդամներ են, եւ նույն պետությունների կողմից որպես Ղարաբաղի հարցի կարգավորման հիմնական դրույթներ են ընդունում միջազգային իրավունքի նորմերը, ոչ միայն տարածքային ամբողջականության սկզբունքը, այլ նաեւ ուժի չկիրառումը եւ ինքնորոշման իրավունքը։ Այդ դեպքում հակասություն առաջանում է հենց իրենց մեջ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG