Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 20-ի մամուլ


«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Գուցե շատ պարզունակ թվա, բայց երբ մեր երկրի առաջին դեմքերի այցելությունների գրաֆիկին ես հետեւում, շատ տխուր պատկեր է ի հայտ գալիս` գրեթե բոլոր շփումները մեր ավագ եղբոր հետ են, մեր հյուսիսային հարեւանի հետ, եւ աշխարհը մի տեսակ դուրս է մնացել մեր տեսադաշտից: Մեկը մյուսի հետեւից պատվիրակություններ են մեկնում Ռուսաստան եւ ԱՊՀ երկրներ: Մեզ ամենից շատ այցելում են նույնպես այդտեղից, պայմանագրեր են կնքում, ներդրումներ անում, ընկերություններ առնում, վարկ վերցնում, ծրագրեր մշակում, եւ բոլորը` Ռուսաստանից, Ռուսաստանի հետ եւ Ռուսաստանի համար: Սա, անշուշտ, այդքան վտանգավոր չէր լինի, եթե երբեմն այս շփումներին հակակշռեին Արեւմուտքի հետ փոխայցելությունները եւ արեւմտյան կապիտալի ու քաղաքականության հետ առնչությունները: Սակայն երբ երեկ հայտարարվեց, որ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին չի մասնակցելու, պարզ դարձավ, որ հավասարակշռությունը այլեւս անդարձ խախտված է: Ավելին, տպավորություն է ստեղծվել, թե Սերժ Սարգսյանի` Լիսաբոն չմեկնելու որոշումը կայացվել է 2 օր առաջ` Մոսկվայում, եւ Պուտին-Մեդվեդեւ զույգն են այս որոշման հեղինակները»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - « Իմ պատկերացմամբ, աղանդավորն այն մարդն է, որը, բացի իր խմբակի ճշմարտությունից, ոչ մի այլ ճշմարտություն չի ցանկանում ճանաչել, եւ որն աշխարհի բոլոր երեւույթներին նայում է իր այդ ճշմարտության ակնոցով: Մեր քաղաքականության մեջ, հետեւաբար, նույնպես կան աղանդավորներ: Իշխանավորները Հայաստանում փողի աղանդավորներ են. այնպիսի տպավորություն է, որ նրանք իրենց տան պատերին կպցրել են դոլարի նկարը եւ ամեն օր առավոտյան եւ երեկոյան այդ նկարի առաջ նստում են աղոթքի: Այդ պաթոլոգիկ հավատքը հիմնված է, հավանաբար, արեւմտյան արժեքների գավառական ընկալման վրա` այդ արժեքները դիտվում են զուտ որպես ինքնահաստատում ապրանքների սպառման միջոցով: Իսկ ընդդիմադիր աղանդներում, դեռեւս ԱԺՄ-ի ժամանակներից, ընդունված է ժամերով նստել, ջուր ծեծել եւ երկար-բարակ քննարկել, թե ով է ռեժիմի դեմ պայքարող զուլալ գաղափարական մարտիկը, իսկ ով` այդ միակ ճիշտ կրոնը չդավանող ռեժիմի սպասարկուն: Ինչ մնում է երեխաներին, ապա դեռ հարց է, թե ինչն է ավելի վտանգավոր` աչքերի շուրջ 4-5 սանտիմետրանոց ներկ քսե՞լը, թե՞ 4-5 ժամ համակարգչի մոտ նստելով «օդնոկլասնիկի»-ի մեջ նկարներ գցելն ու գնահատականներ դնելը»:

«Ժամանակ»-ը գրում է. - «Պարզվում է` սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ընդամենը կատակ է արել, երբ հայտարարել է, թե «Արի տուն» ծրագրին զուգահեռ ինքը նախատեսում է սկսել «Արի բանակ» ծրագիրը: Համենայնդեպս, այդպես մեզ փոխանցեցին երեկ` Սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Սխալմունք է եղել, թյուրիմացություն էր, չկա նման ծրագիր», - այսպես երեկ մեկնաբանեցին տիկին նախարարի մամլո ծառայությունից` վերջինիս կողմից «Արի բանակ» ծրագիր նախաձեռնելու մասին: Ավելին, ըստ այդմ, Սփյուռքի նախարարությունը արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ էլ իբր տեղեկացրել է այն մասին, որ «Արի բանակն» ընդամենը կատակ էր: Եվ որքան էլ տարօրինակ է, այդ հայտարարությունը Սփյուռքի կամ Պաշտպանության նախարարության կայքում չկա: Չնայած այդ ծրագիրը սկսելու մասին հայտարարությունը դեռ եւս պահպանվել է»:

«Հայոց աշխարհ»-ին տված հարցազրույցում Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանն ասում է. - «Վստահելի կարող են լինել միայն այն սոցիոլոգիական հետազոտությունները, որոնց հեղինակներն իրենց անունները, հարցման մեխանիզմներն ու մեթոդաբանությունը, ընդգրկման ծավալները չեն թաքցնում: Այդպես էլ գաղտնիք մնաց, թե այդ ինչ սոցիոլոգներ են վարչապետին հավաստիացրել, որ մեր երկրի բնակչության 72 տոկոսը կողմ է օտարալեզու դպրոցներին: Պետք է զանազանել PR-ը սոցիոլոգիայից: PR-ի համար օգտագործում են ե՜ւ սոցիոլոգիան, ե՜ւ հոգեբանությունը, բայց նպատակը բոլորովին այլ է: Կան սոցիոլոգներ, որ զբաղված են անձի կամ կուսակցության PR-ով, բայց իրենց արածը ներկայացնում են որպես գիտական սոցիոլոգիա: Ցավոք, մեր հասարակական գիտակցության մեջ այդ տարանջատումը չկա, ինչն էլ ժողովրդին թյուրիմացության մեջ է գցում»:

«Կապիտալ»-ը գրում է. - «Facebook-ը մեծ «ձեռքբերում» է լրտեսների համար։ Նման եզրահանգման են եկել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում՝ վերլուծելով հանրահայտ սոցիալական ցանցի աշխատանքները։ Ամերիկացի զինվորական պաշտոնյաների կարծիքով՝ Facebook-ի էջերից կարելի է ստանալ խիստ գաղտնի տեղեկատվություն զորքերի, ռազմական օբյեկտների տեղակայման և բանակի ստորաբաժանումների կողմից իրականացվող զորավարժությունների մասին։ Հատկանշական է, որ վերջերս սոցիալական ցանցերի սպառնալիքներից զգուշանալու կոչ էր արվել նաև հասարակ քաղաքացիներին։ Այսպես՝ Իսրայելի Բեն Գուրիոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ համեմատաբար պարզ սոֆթի միջոցով չարագործներն ի վիճակի են կարևոր տեղեկատվություն ստանալ այն մարդկանց մասին, որոնք օգտագործում են այնպիսի ցանցեր, ինչպիսին է Facebook-ը։ Հանցագործությունների պոտենցիալ նոր տիպը ստացել է «ինքնության գողություն» անվանումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG