Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի լիսաբոնյան համաժողովը «պատմական» է որակվում


ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Լիսաբոնում
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Լիսաբոնում

Լիսաբոնում անցկացվում է ՆԱՏՕ-ի համաժողովը, որին մասնակցում են Դաշինքի անդամ 28 ու գործընկեր 48 երկրների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:

Ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ասել է, որ չի կարծում, թե ՆԱՏՕ-ն կարող է դերակատարություն ունենալ Ղարաբաղի հարցում։

Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի նոր նշանակված հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը եւս անդրադարձել է Ղարաբաղի հարցին` ասելով, թե Ղարաբաղի հակամարտության հարցում ՆԱՏՕ-ն չի փոխել իր դիրքորոշումը եւ կողմ է խնդրի խաղաղ կարգավորմանը։

ՆԱՏՕ-ի համաժողովի շրջանակներում գործընկեր երկրների հանդիպումներին Հայաստանից մասնակցում են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, պատճառաբանելով ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթնաժողովի հռչակագրի նախագծում հարավկովկասյան կոնֆլիկտների լուծման ընդհանրական ձեւակերպումը, հրաժարվել է մասնակցել նոյեմբերի 20-ին գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող` «Աֆղանստանում ՄԱԿ-ի մանդատով ՆԱՏՕ-ի ղեկավարած Միջազգային անվտանգության աջակցման ուժերին մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը»:

«Հայկական կողմը բազմիցս ընդգծել է հակամարտությունների լուծման ընդհանրական ձեւակերպումների անընդունելիությունը», - ասված է նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանի տարածած հաղորդագրությունում. - «Նախկին ընդհանրացված ձեւակերպման պահպանումը, որում հղում է կատարվում ԵԱՀԿ կողմից հռչակված սկզբունքներից միայն մեկին, վատ ազդակ կարող է դառնալ եւ լրացուցիչ բարդություններ ստեղծել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում, հատկապես` վերջին շրջանում Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի եւ նրա ղեկավարության հայատյաց հռետորաբանության ֆոնի վրա»:

Լիսաբոնում քննարկող հարցերի, ռազմավարական նոր հայեցակարգի ընդունման առումով ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթնաժողովը արդեն իսկ գնահատվում է որպես պատմական։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը այս գագաթնաժողովի ընթացքում առաջիկա 10 տարիների համար ընդունված ռազմավարական նոր հայեցակարգի մասին ասել է, որ այն «մտադրությունների հուշագիր չէ, այլ գործողությունների պլան»։

ՆԱՏՕ-ի ռազմավարական հայեցակարգում ընդգրկվել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի տեսակետը, որ պետք է աշխատել աշխարհը միջուկային զենքերից ազատելու ուղղությամբ: Միեւնույն ժամանակ, մինչեւ դրան հասնելը, ՆԱՏՕ-ն կմնա որպես միջուկային զենք ունեցող դաշինք։

Լիսաբոնյան գագաթնաժողովի օրակարգի հիմնական կետերից է հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգ ձեւավորելու խնդիրը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, թե փաստ է, որ ավելի քան 30 երկրներ ունեն, կամ մշակում են հրթիռային տեխնոլոգիաներ, որոնք կարող են հարվածներ հասցնել եվրատլանտյան տարածքում:

«Մենք մտադիր ենք կառուցել հակաօդային պաշտպանության համակարգ` պաշտպանվելու համար այդ սպառնալիքներից», - ասել է Ռասմուսենը:

Միաժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ասել է, թե ՆԱՏՕ-ն Ռուսաստանին առաջարկում է հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման գործում համագործակցել` այս քայլը ձեւակերպելով որպես «թարմ ստարտ» Մոսկվայի հետ հարաբերություններում։

2008 թվականի օգոստոսյան ռուս - վրացական պատերազմից հետո առաջին անգամ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի է մասնակցում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

Այդուհանդերձ, Արեւելյան Եվրոպայի երկրները, մասնավորապես` Լեհաստանը, մերձբալթյան պետությունները, հոռետես են Ռուսաստանի հետ համագործակցության հարցում։

Հինգշաբթի օրը Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին «Գազետա Վիբորչա» թերթում գրել էր, թե Լեհաստանը աջակցում է Ռուսաստանի հետ կառուցողական համագործակցությանը, սակայն այդ հարաբերությունները չպետք է զարգանան Արեւելյան Եվրոպայի երկրների անվտանգության հաշվին:

Ինչ վերաբերում է Վրաստանի ու Ուկրաիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությանը, Անդերս Ֆոգ Ռասմուսենը ասել է. - «Ռազմավարական հայեցակարգը ՆԱՏՕ-ի անդամակցության դուռը բաց է պահում այն երկրների համար, որոնք եվրոպական ամուր ժողովրդավարություն ունեն եւ ցանկանում են համապատասխանել մեր չափանիշներին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG