Մատչելիության հղումներ

Ստեփան Դանիելյան. «Հայ առաքելական եկեղեցին ցանկանում է կրոնական ոլորտում մենաշնորհ ունենալ»


«Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը, որը շրջանառության մեջ է դրվել անցած տարի, քննադատության է արժանացել հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ Վենետիկի հանձնաժողովի կողմից:

ԱՄՆ պետդեպարտամենտի` Կրոնական ազատությունների մասին 2010 թվականի զեկույցն արձանագրում է, որ թեեւ Հայաստանի Սահմանադրությունը ապահովում է դավանանքի ազատությունը, սակայն կրոնական փոքրամասնությունների ազատությունների առումով օրենսդրական որոշ սահմանափակումներ կան:

Հայաստանի կրոնական փոքրամասնությունների գործունեության վերաբերյալ վերջին տարիներին մի շարք ուսումնասիրությունների հեղինակ, religions.am կայքի խմբագիր Ստեփան Դանիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ուրբաթ օրը կարծիք հայտնեց, որ 2005 թվականից հետո, երբ ընդունվեց Հայաստանի Սահմանադրության փոփոխված տարբերակը, լուրջ հակասություններ կան խղճի ազատության մասին 1991-ին ընդունված ու ցայսօր գործող օրենքի եւ Սահմանադրության միջեւ` հավելելով, որ Հայաստանում ամենատարբեր մակարդակներով դեռեւս շարունակվում է կրոնական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումը:

«Հեռուստատեսության եւ տպագիր մամուլի որոշ միջոցների կողմից տարվում է ծրագրավորված քաղաքականություն` Հայաստանում կրոնական թշնամանք եւ խտրականություն քարոզելու առումով», - նշեց Դանիելյանը:

Մինչդեռ, Հանրապետական պատգամավոր, Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը համաձայն չէ այս գնահատականի հետ եւ համարում է, որ հանդուրժողականության առումով Հայաստանում որեւէ խնդիր չկա, ու որեւէ մեկը նման շարժառիթներով չի հալածվում:

«Հայ ժողովուրդը այդպիսին չէ, ընդհակառակը` ինտերնացիոնալ ժողովուրդ է», - հայտարարեց պատգամավորը: Ռաֆիկ Պետրոսյանի կարծիքով, խնդիրներ գոյություն ունեն հիմնականում Եհովայի վկաների հետ:

«Նրանք, օրենքով, չպիտի գրանցվեին, եւ հետո` շահարկում են իրենց իրավունքները», - ասաց պատգամավորը:

Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը կարծիք էր հայտնել, որ կրոնական փոքրամասնությունները Հայաստանում չեն հալածվում:

«Իմ գնահատմամբ կրոնական ազատությունների բավական բարձր ցուցանիշ գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում», - ասել էր Մայր Աթոռի դիվանապետը:

Մինչդեռ, ավետարանական եկեղեցու հովիվ, վերապատվելի Ռաֆայել Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ իրենց համայնքի անդամները հասարակական որոշակի խմբերի, կազմակերպությունների եւ լրատվամիջոցների կողմից հետեւողական քարոզչական հարձակումների են ենթարկվում, ինչը, վերջինիս խոսքերով, անթույլատրելի է:

«Խոսում են ազգի միավորման մասին, բայց իրենք ավելի շատ են ազգը պառակտում իրենց վարվեցողությամբ` խոսքով, թողարկված հոդվածներով, հասարակական կարծիքը լրիվ դեզինֆորմացված ձեւով կազմավորելով», - ասաց վերապատվելի Ռաֆայել Գրիգորյանը:

Religions.am-ի խմբագիր Ստեփան Դանիելյանը ամփոփում է. - «Մենք ունենք մենաշնորհներ տնտեսության ոլորտում, մենք ունենք մենաշնորհներ մնացած ոլորտներում, եւ այսօր Հայ առաքելական եկեղեցին ցանկանում է կրոնական ոլորտում մենաշնորհ ունենալ»:

Հայաստանի մարդու իրավունքների գրասենյակից փոխանցեցին, որ առնվազն վերջին 2 տարիներին քաղաքացիներից կրոնական հալածանքների հետ կապված բողոք- դիմումներ չեն ստացել: Այդուհանդերձ, Օմբուդսմենի գրասենյակից հայտնեցին, որ իրենք ուշադրությամբ հետեւում եւ օպերատիվորեն արձագանքում են այդ թեմաներով մամուլի ահազանգերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG