Մատչելիության հղումներ

Ազգագրագետը բարձրաձայնում է հայկական գորգերի թանգարան ստեղծելու անհրաժեշտության մասին


Ազգագրագետ Աշխունջ Պողոսյանը կարծում է, որ անչափ կարեւոր է Հայաստանում հայկական գորգի թանգարան ստեղծելը, քանի որ «հայկական գորգը շատ հին պատմություն ունի, իսկ Հայաստանի հարեւան երկրները բարեհաջող կերպով իրենց են ներկայացնում որպես գորգերի հայրենիք»:

Ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսին Պողոսյանը կարծիք հայտնեց, որ թեեւ նման թանգարան հիմնելը կառավարության համար կարող է լուրջ ծախսերի հետ կապված լինել, սակայն խնդիրը միայն շենք կառուցելն է, քանի որ գորգերի մեծ հավաքածու արդեն իսկ գոյություն ունի:

Գորգագործությունը հնագույն ժամանակներից լայնորեն տարածված է եղել հայկական լեռնաշխարհում: Ըստ Աշխունջ Պողոսյանի` հայկական հնագույն գորգը մ.թ.ա. 5-րդ դարին է պատկանում եւ պահպանվում է Էրմիտաժում: Իսկ Հայաստանում պահպանվող հնագույն գորգերը 300 տարուց ավելի հնություն ունեն: Նրա խոսքով` Հայաստանում ավելի քան 4 հազար գորգ է պահպանվում, գորգերի ամենամեծ հավաքածուներն ունեն Սարդարապատի Ազգագրական պետական թանգարանը եւ Հայաստանի պատմության թանգարանը: Առավել հայտնի են հայկական «վիշապագորգերը», ղարաբաղյան գորգերը, Վան-Վասպուրականի գորգերը:

Խորհրդային տարիներին` 1980-ականների սկզբներին պետությունը գորգերի թանգարան հիմնելու նպատակով 2000-ից ավելի գորգեր է ձեռք բերել անհատներից, որպեսզի Էջմիածին քաղաքում հայկական գորգի թանգարան հիմնի, բայց թանգարանը չի կառուցվել, եւ այդ գորգերը այժմ պահպանվում են Հայաստանի ազգագրության թանգարանում:

Պողոսյանը, ներկայացնելով գորգագործության թանգարան ստեղծելու կարեւորությունը, բերում է Հայաստանի հարեւան Ադրբեջանի ու Թուրքիայի օրինակը: Ադրբեջանն ունի գորգերի 12 թանգարան, եւ օրերս UNESCO-ն ադրբեջանական գորգագործությունն ընդգրկել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության իր ցուցակում: Թուրքիայում կա 40-ից ավել նման թանգարան:

Ազգագրագետը պատմեց, որ վերջերս Հանրային խորհուրդն է քննարկել իրենց դիմումը եւ Հանրային խորհրդի անդամներից Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը խիստ դեմ է արտահայտվել գորգերի թանգարան բացելու առաջարկին` ասելով, որ ոչ մի դեպքում թույլ չի տա մասնատել պատմության թանգարանում պահպանվող հավաքածուն:

Մինչդեռ Պողոսյանն ասաց, որ խոսքը Սարդարապատում` Ազգագրության թանգարանում եղած հավաքածուի մասին է, որ ստեղծվել է հենց թանգարան հիմնելու նպատակով:

«Մեր նպատակը մեկն է, որ Հայաստանում ունենանք այդ նույն թանգարններից գոնե մեկը, մանավանդ որ հավաքածուն արդեն իսկ ունենք, ստեղծենք հետազոտական կենտրոն, որ կարողանանք մեր մշակութային ժառանգությանը տեր կանգնենք, որովհետեւ եթե մի բան անտեր է, նրա տերը տեղնուտեղը հայտնվում է», - ասաց Պողոսյանը:
XS
SM
MD
LG