Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ լարվածությունը մեծացնող հայտարարություններից


Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին խուսափել հայտարարություններից, որոնք կարող են ավելացնել լարվածությունը տարածաշրջանում: Այդ մասին երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները։

Պետդեպարտամենտի ամենօրյա ճեպազրույցում լրագրողը փորձել է հստակեցնել Միացյալ Նահանգների գնահատականը Ղարաբաղի խնդրի շուրջ հռետորաբանության կապակցությամբ, օրինակ բերելով, մասնավորապես, խնդիրը ուժի միջոցով մեկընդմիշտ լուծելու` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի սպառնալիքը:

Մարկ Թոները, զերծ մնալով հայտարարությունը մեկնաբանելուց, ասել է, որ Միացյալ Նահանգները ներգրավված է մնում Մինսկի խմբի գործընթացում, եւ յուրաքանչյուրին հորդորել է մնալ երկխոսության մեջ ու խուսափել որեւէ հռետորաբանությունից, որը կարող է ավելացնել լարվածությունը։

Անցած շաբաթավերջին ներկա գտնվելով Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորավարժություններին` Հայաստանի նախագահը, մասնավորապես, հայտարարել է. - «Մենք երբեք չենք ցանկացել պատերազմ, մենք այն ժամանակ ուղղակի պարտադրված էինք պաշտպանելու մեր հայրենիքը, հիմա էլ մենք երբեք նախահարձակ չենք կարող լինել, բայց եթե պահը գա, եթե մեզ պարտադրեն, ապա այս անգամ մեր հարվածը պետք է լինի կործանարար եւ վերջինը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG