Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 19-ը ամբողջ աշխարհում երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրն է:

Հայաստանում 2007-2008 թվականներին, ըստ պաշտոնական վիճակագրության, գրանցվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության 96 դեպք: Երեխաների նկատմամբ բռնության դեպքերի մասին տվյալները բացառապես պաշտոնական են, քանի որ ինֆորմացիան թաքցվում է, «Ազատություն» ռադիոկայանին ասաց People in Need չեխական կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի «Երեխաների թրաֆիքինգի կանխարգելում» ծրագրի ղեկավար Տաթեւիկ Բեժանյանը:

«Սրանք բացառապես այն դեպքերն են, երբ եղել է ոստիկանություն դիմում: Բայց դա փոքր թիվն է այն բռնությունների, որ իրականում մենք ունենք: Շատ ավելի մեծ է այդ թիվը: Մեր հասարակությունը ունի այդ խնդիրը` եթե երեխան ընտանիքում, նամանավանդ` եթե ընտանիքի անդամի կողմից է ենթարկվում բռնության, առավել եւս` սեռական բռնության, դա համարվում է ամոթ եւ պահվում է այդ ընտանիքի պատերի ներսում, դա դուրս չի հանվում: Եվ ընտանիքը մտածում է իր պատվի մասին, հասարակության կարծիքի, արդյունքում` երեխան շատ լուրջ հոգեկան տրավմա է տանում, այսինքն` կրկնակի անգամ բռնության է ենթարկվում», - նշեց Բեժանյանը:

Նրա փոխանցմամբ` տոկոսային առումով գերակշռող են ֆիզիկական բռնության դեպքերը, «եւ հոգեկան բռնության տարբերակում էլ` անտարբերությունը»:

«Մեզ մոտ, նամանավանդ` ծայրամասային գյուղական վայրերում, երիտասարդները, ովքեր կազմում են ընտանիք, ունենալով երեխաներ` չեն կարողանում հստակորեն դաստիարակել, պահել-մեծացնել այդ երեխաներին: Գտնվելով ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում` երեխաները սկսում են մատնվել անտարբերության, անուշադրության: Այս երեւույթը բերում է նրան, որ երեխաների մտավոր զարգացումը սկսում է դանդաղել: Այսինքն` անտեսումը եւս այս պարագայում եւ ընդհանրապես` միջազգային ստանդարտներով համարվում է բռնություն երեխայի նկատմամբ», - ասաց Տաթեւիկ Բեժանյանը:

Երեխաները շարունակում են մնալ անպաշտպան, բռնության դեպքերի մեծ մասը` չբացահայտված, փաստում է նա. - «Բռնության ենթարկված երեխայի պարագայում աջակցության առումով եւ նրան այդ վիճակից դուրս բերելու առումով, պաշտպանության առումով շատ լուրջ անելիքներ կան»:

«Մենք ասում ենք` ազգ ենք, որի համար երեխան գերագույն արժեք է, բայց երբ նայում ենք իրականությունը` ինչ է կատարվում, ստացվում է, որ մենք միայն խոսում ենք այդ մասին, իրականում մեր երեխաները պաշտպանված չեն», - ամփոփեց Տաթեւիկ Բեժանյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG