Մատչելիության հղումներ

logo-print

Զինծառայողի մահվան նոր դեպք. քննվում է սպանության վարկածը


Հայաստան - Զինվորները զորավարժությունների ժամանակ, արխիվային լուսանկար

Հայաստան - Զինվորները զորավարժությունների ժամանակ, արխիվային լուսանկար

Հայաստանի բանակում զինծառայողի մահվան նոր դեպք է արձանագրվել: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին պաշտպանության նախարարության քննչական վարչությունից, նոյեմբերի լույս 18-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Ճամբարակի զորամասում հրազենային վիրավորումից մահացել է ժամկետային զինծառայող Ռոբերտ Ավետիսյանը:

Նախնական տեղեկություններով, հրազենային վնասվածք ստանալուց հետո Ռոբերտ Ավետիսյանի մահը վրա է հասել անմիջապես: Նրա դին տեղափոխվել էր Երեւան` դիահերձման ու փորձաքննության նպատակով:

Ռոբերտ Ավետիսյանը 23 տարեկան էր, զորակոչված էր Արմավիրի զինկոմիսարիատից:

Պաշտպանության նախարարության քննչական վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասի հատկանիշներով («Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը»), որի համար նախատեսված պատիժը 6-12 տարվա ազատազրկումն է:

Քննչական վարչության հաղորդմամբ, ձերբակալվածներ դեռ չկան, կատարվում է նախաքննություն:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց Արմավիրի տարածքային զինկոմիսարիատի զինկոմի տեղակալ Սարիբեկ Սարիբեկյանը, Ռոբերտ Ավետիսյանը կրտսեր սերժանտ էր, ժամկետային զինծառայության էր զորակոչվել անցած տարվա աշնանը` բուհը ավարտելուց հետո, Երեւանի ագրարային համալսարանի շրջանավարտ էր:

Արմավիրում տարածված լուրերի համաձայն, դեպքին նախորդել է վիճաբանություն զորամասում:

Ռոբերտ Ավետիսյանին ճանաչողները ցնցված էին կատարվածից: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում նրանք զոհված զինծառայողին բնութագրում էին, որպես հավասարակշռված երիտասարդ, որը չէր կարող որեւէ վիճաբանություն հրահրել կամ վիճաբանության մեջ ներգրավվել:

Ռոբերտ Ավետիսյանի ընտանիքն առայժմ հրաժարվում է մեկնաբանություններից:

Սա վերջին ամիսներին զինված ուժերում տեղի ունեցած հերթական դժբախտ դեպքն էր: Պաշտպանության նախարարության քննչական վարչությունից տեղեկացրեցին, որ հոկտեմբերի 3-ին Հադրութի զորամասերից մեկում զոհված Սամվել Խաչատրյանի եւ Տավուշի մարզի զորամասերից մեկում հուլիսի 27-ին մահացած Արտակ Նազարյանի գործերով նախաքննությունը դեռ չի ավարտվել:

Խաչատրյանի դին կախված վիճակում հայտնաբերվել էր զորամասի նկուղում: Այս գործով 7 մարդ է ձերբակալված, որոնք կասկածվում են իշխանազանցության, Խաչատրյանի նկատմամբ բռնություններ գործադրելու, հայհոյանքներով նրա պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու մեջ:

Արտակ Նազարյանի գործով` որին ինքնասպանության հասցնելու վարկածով, 4 հոգի ձերբակալված են: Զինծառայողի հարազատները պնդում են, որ Նազարյանին սպանել են, եւ բացառում են ինքնասպանության վարկածը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG