Մատչելիության հղումներ

Կարմիր Խաչի ներկայացուցիչները այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող Արթուր Բադալյանին


Ադրբեջանցի ռազմագերու հայրենադարձությունը, հայ - ադրբեջանական սահման, 4-ը նոյեմբերի, 2010թ.

Ադրբեջանցի ռազմագերու հայրենադարձությունը, հայ - ադրբեջանական սահման, 4-ը նոյեմբերի, 2010թ.

Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները, մտահոգված լինելով Ադրբեջանում բանտարկված Հայաստանի քաղաքացի Արթուր Բադալյանի բանտարկության պայմաններով ու նրա ֆիզիկական վիճակով, այցելել են նրան։

Կազմակերպության Բաքվի գրասենյակի մամուլի խոսնակ Իլահա Հուսեյնովան հայտնել է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բադալյանին են փոխանցել նրա ընտանիքի անդամների ուղարկած նամակը։ Ադրբեջանի բանտում գտնվող Հայաստանի քաղաքացին եւս նամակ է փոխանցել իր ընտանիքին։

Արթուր Բադալյանը հայ - ադրբեջանական շփման գիծը հատել ու Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարվել է 2009 թվականի մայիսի 9-ին։

News.az լրատվական կայքը հաղորդում է, որ Ադրբեջանում ներկայումս 12 հայ գերի կա: Նրանցից 6-ը քաղաքացիական անձինք են, 6-ը` ռազմագերիներ։

Քաղաքացիական անձանցից Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե եւ Պետրոս Գեւորգյանները նույն ընտանիքի անդամներ են։ Նրանք հայ - ադրբեջանական սահմանը անցել են այս տարվա հունվարին։

Գերիներից 3-ը` Հրանտ Մարկոսյանը, Ալիկ Թեւոսյանը եւ Արթուր Սարգսյանը սահմանը անցել են 2009 թվականի փետրվարին, նույն տարվա մայիսին գերի են ընկել Օհան Հարությունյանը եւ Գեւորգ Թովմասյանը, իսկ այս տարվա հուլիսին գերեվարվել է Կարեն Հարությունյանը։

Հոկտեմբերի 27-ին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը ստորագրված փաստաթղթով ենթադրվում է ռազմագերիների փոխանակություն եւ զոհվածների մարմինների վերադարձ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG