Մատչելիության հղումներ

Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները Բաքվում քննարկել են Ղարաբաղի հարցը


Ադրբեջան -- Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Բաքվում, 18-ը նոյեմբերի, 2010թ.
Ադրբեջան -- Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Բաքվում, 18-ը նոյեմբերի, 2010թ.

«Ռուսաստանը պատրաստ է առաջիկայում եւս աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների զարգացմանն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին», - հինգշաբթի օրը Բաքվում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ընթացքում:

Երկու երկրների նախագահների հանդիպումը կայացել է Բաքվում Կասպյան երկրների 3-րդ համաժողովի պաշտոնական մեկնարկից առաջ:

Անդրադառնալով հակամարտության կարգավորման գործընթացին` Մեդվեդեւը հայտարարել է, որ դեռ մնում են որոշ հարցեր` կապված ղարաբաղյան կարգավորման սկզբունքների հետ, սակայն եթե կողմերն առաջիկա ամսվա ընթացքում ջանքեր գործադրեն, Ղազախստանում դեկտեմբերի 1-2-ը անցկացվելիք ԵԱՀԿ-ի գագաթաժողովին կարելի կլինի հասնել կարգավորման ընդհանուր սկզբունքների համաձայնեցված տարբերակին:

Իր հերթին` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մեդվեդեվին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին ակտիվ մասնակցության համար:

«Մեր հանդիպումները պարբերական բնույթ են կրում, եւ մենք հնարավորություն ունենք քննարկել մեր հարաբերությունները մանրամասնորեն», - ասել է Ալիեւը. - «Ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեր ակտիվ մասնակցության համար, Ձեր անձնական մասնակցությունը կարեւոր եւ դրական դեր է խաղում»:

Ադրբեջանի նախագահը հավելել է, թե հույս ունի, որ կհաջողվի առաջընթաց գրանցել եւ ապահովել խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում:

Ալիեւը շեշտել է, որ կարգավորումը հնարավոր է միայն միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին համապատասխան, հիմնվելով միջազգային կազմակերպությունների ընդունած բանաձեւերի եւ այն սկզբունքների վրա, որոնք արտացոլված են միջազգային հռչակագրերում:

Ղարաբաղը` Ալիեւ-Ահմադինեջադ հանդիպման օրակարգում


Ղարաբաղյան հարցը չի շրջանցվել նաեւ Իլհամ Ալիեւի եւ Կասպյան երկրների համաժողովին մասնակցելու նպատակով Ադրբեջանում գտնվող Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հանդիպման ժամանակ: Հանդիպմանը հաջորդած ասուլիսում Ալիեւն ասել է, որ Իրանի նախագահին տեղեկացրել է հայ – ադրբեջանական բանակցությունների ներկայիս փուլի մասին:

«Հուսով եմ, որ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը: Դրա համար մենք, իհարկե, պետք է ավելի ուժեղանանք», - ասել է Իլհամ Ալիեւը:

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, որ եթե Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա արտաքին ճնշումները վերանան, Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է լուծվել:

«Իրանը հույս ունի, որ Ղարաբաղի հարցը կլուծվի խաղաղ ճանապարհով», - ասել է Ահմադինեջադն ու հավելել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է երկու կողմերի ջանքերը` հակամարտության խաղաղ ճանապարհով լուծման հարցում:

Այս բոլոր հանդիպումները կայանում են Կասպյան երկրների 3-րդ համաժողովի շրջանակներում, որն այսօր մեկնարկել է Բաքվում: Կասպից ծովին հարակից 5 երկրների` Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Ղազախստանի եւ Թուրքմենստանի նախագահները Ադրբեջանի մայրաքաղաքում քննարկում են Կասպից ծովի իրավական կարգավիճակի հետ կապված հարցերն եւ տարածաշրջանային համագործակցությունը սերտացնելուն ուղղված ջանքերը:

Համաժողովի ընթացքում այսօր հանդիպել են նաեւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ու Իրանի նահագահ Մահմուդ Ահմադինեջադը` բանակցությունների օրակարգում ունենալով Թեհրանի միջուկային ծրագրին առնչվող հարցեր:

Վերլուծաբանների գնահատմամբ, այս հանդիպմամբ փորձ է արվում հարթել 2 երկրների միջեւ ստեղծված լարվածությունը, որը ծագեց այն բանից հետո, երբ Ռուսաստանը միացավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներին եւ հրաժարվեց Թեհրանին վաճառել S-300 զենիթա-հրթիռային համակարգերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG