Մատչելիության հղումներ

Զեկույց. «Հայաստանում կրոնական ազատությունների առումով սահմանափակումներ կան»


ԱՄՆ-ի պետդեպարտամենտի Կրոնական ազատությունների մասին 2010 թվականի զեկույցում ասվում է, որ թեեւ Հայաստանի Սահմանադրությունը ապահովում է դավանանքի ազատությունը, սակայն կրոնական փոքրամասնությունների ազատությունների առումով օրենսդրական որոշ սահմանափակումներ կան։

Զեկույցն ընդգրկող ժամանակաշրջանում կառավարության կողմից սահմանափակումների, կամ կրոնական ազատությունների նկատմամբ մոտեցումների փոփոխություններ չեն նկատվել, այնուամենայնիվ, նշվում է, որ հաղորդագրություններ կան կրոնական պատկանելության, դավանանքի դեմ սոցիալական բնույթի չարաշահումների եւ խտրականությունների մասին։

Ըստ որոշ ուսումնասիրողների` բնակչությունը հիմնականում բացասաբար է վերաբերվում կրոնական փոքրամասնությունների բոլոր խմբերին։

Տեղական փորձագետների կարծիքով` կրոնական փոքրամասնությունները ընկալվում են որպես պետության համար սպառնալիք։

Ըստ զեկույցում բերված տվյալների, 2009 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2010-ի հունիսի 1-ը 35 «Եհովայի վկաներ» դատապարտվել են ազատազրկման` զինվորական ծառայությունից կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար։ Նրանցից 20-ը դատապարտվել է 24 ամսվա ազատազրկման, իսկ 15-ը` 30 ամսվա ազատազրկման։

Երեւանում «Եհովայի վկաների» ղեկավարի վկայությամբ` 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ իրենց կազմակերպության անդամներից 76-ը մնում էին մեկուսարաններում, եւս 1 հոգի գտնվում էր նախնական կալանքի վայրում։

Զեկույցում նաեւ նշվում է, որ կրոնական փոքրամասնությունները ժամանակ առ ժամանակ դառնում են Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականների թշնամության թիրախը, լրատվամիջոցների մեծ մասը կրոնական փոքրամասնություններին շարունակում է պիտակավորել որպես աղանդներ, կրոնական փոքրամասնություններին ներկայացնում են որպես պետության թշնամիներ եւ ազգային միասնության խոչընդոտներ։

Զեկույցում նշվում է, որ ազգայնական կազմակերպությունները «Եհովայի վկաների», ինչպես նաեւ այլ կրոնական փոքրամասնությունների դեմ թռուցիկներ են տարածել։

Դրական բարելավումների բաժում նշվում է Հանրային հեռուստաընկերության կողմից այս տարվա հունիսի 14-ին հեռարձակված բազմակողմանի հաղորդումը այլընտրանքային զինծառայության մասին, որը պատրաստել է «Ինտերնյուս» կազմակերպությունը:

Դրական է գնահատվում նաեւ արդարադատության նախարարության այս տարվա մարտի որոշումը. արձագանքելով «Եհովայի վկաների» դիմումին` նախարարությունը թույլատրել է բանտարկված «Եհովայի վկաներին» այցելել ամիսը մեկ անգամ: Նախկինում նրանց թույլատրվում էր այցելել երկու ամիսը մեկ անգամ։

Դրական երեւույթների բաժնում նաեւ նշված է, որ հաղորդագրություններ չկան ստիպողաբար դավանանք ընդունելու մասին։

Ժողովրդագրական բաժնում նշված է, որ Հայաստանի 3 միլիոն բնակչության մոտ 98 տոկոսը էթնիկ հայեր են, բնակչության 90 տոկոսը Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ են։ Հայաստանում շուրջ երկու տասնյակ կրոնական փոքրամասնություններ կան, որոնք միասին բնակչության 5 տոկոսից պակաս են:

Կրոնական ազատությունները հարգելու պետության դիրքորոշման մասին նշվում է, որ Սահմանադրությունը ապահվում է կրոնի ազատությունը, սակայն օրենսդրական որոշ սահմանափակումներ կան: 2007 թվականին ընդունված Հայաստանի Հանրապետության եւ Հայ Առաքելական եկեղեցու հարաբերությունների մասին օրենքով սահմանվել է հատուկ համագործակցություն պետության եւ եկեղեցու միջեւ, եւ որոշակի արտոնություններ են շնորհվել Հայ Առաքելական եկեղեցուն, որը չունեն կրոնական մյուս խմբերը։

Նշվում է, որ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան պաշտոնյաները սերտ կապեր են պահպանում Հայ Առաքելական եկեղեցու, ինչպես նաեւ հայաստանյան կրոնական փաքրամասնությունների առաջնորդների հետ։

Պետդեպարտամենտը կրոնական ազատությունների մասին զեկույց է պատրաստել ավելի քան 150 երկրների մասին։

Ադրբեջանի մասին զեկույցում դրական է գնահատվում 2010 թվականին անցկացված միջազգային կրոնական համաժողովը, որին մասնակցեց նաեւ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը: Դա գնահատվում է որպես նշանակալի քայլ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հակամարտության առկայության պայմաններում:

Զեկույցում ասվում է, որ տեղական դիտորդները քննադատում են Ադրբեջանի իշխանություններին այլընտրանքային զինվորական ծառայության հնարավորությունները սահմանափակելու համար: «Եհովայի վկաները» պնդում են, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ստորագրած Ադրբեջանը պարտավոր է զարգացնել քաղաքացիական այլընտրանքային ծառայության տարբերակները, սակայն իշխանությունները քննադատում են կրոնական փոքրամասնությունների այս դիրքորոշումը` դա համարելով պարտվողական եւ հանրային կարծիքին հակասող, քանի որ կարգավորված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։

Ադրբեջանում կրոնական ազատությունների սահմանափակումների բաժնում ասվում է, որ կառավարությունը չի վերահսկում Լեռնային Ղարաբաղի շրջանը։ Կրոնական ազատությունների որոշ սահմանափակումների եւ խտրականության մասին հաղորդումներ են ստացվում ոչ կառավարական կազմակերպությունների կողմից:

Լեռնային Ղարաբաղում «Եհովայի վկաները» հաղորդում են, որ գրանցվելու համար իրենց դիմումը 2009-ի օգոստոսին մերժվել է, իսկ 2010-ի մարտին եւ ապրիլին ենթարկվել են ստուգայցերի ու ձերբակալությունների։

Զեկույցը, վկայակոչելով «Ֆորում 18» կազմակերպությանը, նշում է, որ 4 մարդ Լեռնային Ղարաբաղում տուգանվել է չգրանցված կրոնական կազմակերպության արարողություն անցկացնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG